Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները մտահոգություն են հայտնում Հայաստանը սնող Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածն ադրբեջանական ընկերության վաճառելու մասին լուրերի առթիվ, թեեւ Վրաստանը առայժմ հերքում է այդ տեղեկությունը։

«Ակնհայտ է, որ սա արդեն դարձել է Հայաստանի պետական անվտանգությանը սպառնացող խնդիր, եւ հասկանալի չէ, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով բանակցություններ չեն վարում Վրաստանի հետ՝ գնելու համար գազամուղի այդ հատվածը», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը։

Նախօրեին թուրքական Hurriyet Daily News օրաթերթը տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի Ռուսաստանը Հայաստանին կապող Հյուսիս-Հարավ գազատարը գնելու է Ադրբեջանի SOCAR նավթային ընկերությունը։ Վրաստանը առայժմ հերքում է այդ տեղեկությունը։

Անցած ամիս վրացական խորհրդարանը Հյուսիս-Հարավ գազատարը հանել էր ստրատեգիական օբյեկտների ցանկից՝ կառավարությանը հնարավորություն ընձեռելով մասնավորեցնել այն։ Սակայն Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին խորհրդարանում այդ առթիվ հնչեցրած իր ելույթում հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստվում է վաճառել գազատարի բաժնետոմսերի չնչին մասը միայն՝ հիմնական վերահսկիչ փաթեթը պահելով Վրաստանի կառավարության ձեռքում։ Նա նշել էր, որ վաճառքի է դրվելու գազատարի բաժնետոմսերի 5-15 տոկոսը, իսկ գործարքները կատարվելու են Լոնդոնի բորսայում։

Այս առթիվ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարի վաճառքի վերաբերյալ մտահոգությունները տեղին չեն։

«Վրաստանը գազատարը ստրատեգիական օբյեկտների ցանկից հանել է, այն պատճառով, որ այդ գազատարից սնուցվող մյուս գազատարները մտնում են իրենց բաշխիչ ցանցերի մեջ, եւ որպեսզի այդ ճյուղավորումները կարողանան ցանցերի մեջ մտցնել, բնականաբար, պետք է ընդհանուր ցուցակից հանել դա», - այս առթիվ ասել էր Արմեն Մովսիսյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ եթե գազատարը վաճառքի հանեն, Հայաստանի համար խնդիրներ չեն ստեղծվի, քանի որ գոյություն ունի Իրան-Հայաստան գազատարը։

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը համոզված է, որ թեմայի շուրջ թուրքական, վրացական եւ ադրբեջանական մամուլի հրապարակումները վկայում են այն մասին, որ առայժմ գնում է «զոնդաժ»՝ վերաբերմունքի ճշգրտում եւ Հայաստանը պարտավոր է հենց այս պահին պաշտոնապես իր վերաբերմունքը արտահայտել։

«Մենք պարտավոր ենք հենց այսօր կանխել վաղվա անցանկալի զարգացումները՝ ցանկացած գնով ձեռք բերելով Հյուսիս-Հարավ գազամուղը անհրաժեշտության դեպքում նախկին եւ գործող նախագահների եւ օլիգարխների միջոցով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սաֆարյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG