Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան պատրաստվում է պաշտպանվել Լոս Անջելեսի դատարանում


Տեսարան Ստամբուլից

Տեսարան Ստամբուլից

Թուրքիայի կառավարությունը սկսել է փաստաթղթեր ու ապացույցներ հավաքել՝ ամերիկահայերի կողմից Լոս Անջելեսի դատարան ներկայացված գործում պաշտպանվելու համար: Այդ մասին, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, նախօրեին գրել է թուրքական Akcam պարբերականը։

Շաբաթներ առաջ երկու ամերիկահայեր դատի տվեցին Թուրքիայի կառավարությանն ու խոշորագույն երկու բանկերին՝ պահանջելով փոխհատուցել իրենց նախնիներից զավթված միլիարդավոր դոլարների ունեցվածքը։

«Եթե Լոս Անջելեսի դատարանը որոշի քննության առնել այս գործը, Թուրքիան դատարանում կներկայացնի մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են, որ կառավարությունը պարտք ու պահանջ չունի այն հայերի հետ, որոնք ստիպված են եղել 1915 թվականին պատերազմի պատճառով կայսրության մի վայրից մյուսը տեղափոխվել», - գրել է թուրքական պարբերականը եւ հավելել. - «Պաշտոնական Անկարան պատրաստ է նաեւ մի շարք ապացույցներ ներկայացնել, որոնց համաձայն այն հայերը, որոնք հրաժարվել են իրենց տնօրինած հողերից ու ունեցվածքից, ժամանակին համապատասխան փոխհատուցում են ստացել թուրքական կառավարությունից»։

Դատարան ներկայացված հայցադիմումում, մինչդեռ, նշված է, որ Թուրքիայի կառավարությունը յուրացրել է միլիոնավոր հայերի ունեցվածքը, թեեւ տեղահանումներից առաջ՝ 1915 թվականին, հատուկ որոշում էր ընդունել եւ խոստացել կառավարել հայերից վերցված բանկային հաշիվները, հողատարածքներն ու գործարանները մինչեւ դրանց սեփականատերերի վերադարձը։

«Թուրքիան ոչ միայն զավթել է հայերի սեփականությունը, այլեւ տարիներ շարունակ հսկայական եկամուտներ քաղել դրանցից», - հայտարարում են հայցադիմումը պաշտպանող չորս ամերիկահայ փաստաբանները, որոնք բավականին ճանաչված են եւ մեծ համբավ ունեն Միացյալ Նահանգներում։ Նրանցից մեկը՝ հեղինակավոր ամերիկահայ փաստաբան Մարկ Գերագոսը, օրինակ, պաշտպանել է Մայքլ Ջեքսոնի, Քրիս Բրաունի, Վայոնա Ռայդերի եւ հանրահայտ մի շարք այլ աստղերի ու նաեւ քաղաքական գործիչների շահերը: Նա էր նաեւ հայկական կողմի հիմնական փաստաբանը AXA-ի եւ New York Life Insurance-ի դեմ գործերում, երբ տարիներ առաջ ցեղասպանության զոհերի ժառանգները շուրջ 37.5 միլոն դոլարի փոխհատուցում ստացան ապահովագրական այդ ընկերություններից։

«Հանցագործություններից տուժածները իրավունք ունեն փոխհատուցում ստանալ կորսված ունեցվածքի համար, ինչպես նաեւ վերականգնել իրենց իրավունքները, եւ հենց այստեղ է, իրականում, որ մենք պետք է պայքարենք», - The Los Angeles Times-ին երեքշաբթի օրը ասել է Գերագոսը եւ հավելել. - «Մենք նույնիսկ չենք էլ սկսել հաշվել այն գումարը, որը պետք է փոխհատուցվի ցեղասպանության զոհերի ժառանգներին, սակայն հստակ է, որ այդ գումարը միլիարդներով է հաշվվելու»։

«Հայերի դեմ հանցագործությունը շուրջ մեկ դար առաջ է կատարվել, ինչո՞ւ եք հենց հիմա դիմում դատարան», - ամերիկացի լրագրողի հարցին Մարկ Գերագոսը պատասխանել է. - «Ի հայտ են եկել մի շարք կարեւոր փաստաթղթեր ու փաստեր, որոնք էլ հիմք են ծառայել այս հայցը ներկայացնելու համար։ Ցավոք, ռազմավարական պատճառներից ելնելով, չեմ կարող շատ բան ասել, սակայն վստահ եղեք, որ այս ուղղությամբ նորություններ կլսեք առաջիկա վեց ամսվա ընթացքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG