Մատչելիության հղումներ

Ղարաբաղում նույնպես թանկացել են միրգն ու բանջարեղենը


Լեռնային Ղարաբաղում, ինչպեսեւ Հայաստանում, մրգի ու բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատությամբ շոշափելորեն բարձրացել են:

Եթե անցած տարի, օրինակ, մեկ կիլոգրամ լոլիկը վաճառվում էր 100-150 դրամով, իսկ վարունգը` մինչեւ 100 դրամ, ապա այս տարի լոլիկի գները սկսվում են 250 դրամից` հասնելով 400-ի, իսկ վարունգի գինը չի իջել 150 դրամից:

Ստեփանակերտի շուկայում սա առաջացնում է ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների դժգոհությունը:

Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը բարձր գների պատճառներից է համարում «ղարաբաղյան ծուլությունն ու ալարկոտությունը»:

«Այսօր մենք ունենք մոտավորապես 120 հազար հեկտար վարելահող, որի ուղիղ 50 տոկոսն ենք մշակում տարվա ընթացքում: Մնացած 50 տոկոսը մնում է անմշակ: Այստեղ բնակչության, հողօգտագործողի անտարբերությունն է: Մարդիկ չեն ուզում աշխատել: Մարդկանց ծուլությունն է: Մենք մեր հողերը եթե լրիվությամբ մշակենք, ոչ միայն մեկ Ղարաբաղի, այլ հինգ Ղարաբաղի բնակչություն կարող ենք պահել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախարարը:

Գյուղատնտես Վահան Բադասյանը համաձայն է նախարարի հետ:

«Փորձեք կանգնել Լաչինի ճանապարհի վրա, տասնյակ տոննաներով բանջարեղեն է մտնում Ղարաբաղ: Այնինչ [մեր] պայմանները ավելի բարենպաստ են, քան այնտեղ, որտեղից բերում են, ասենք` Արարատյան դաշտավայրում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բադասյանը` նշելով. - «Մարդկանց մոտ ե'ւ ավանդույթն է խախտվել, ե'ւ աշխատելու ցանկությունն է խախտվել: Ֆերմերների համար պրոբլեմ է , որ նույնիսկ օրական 5 հազար, 7 հազար դրամով աշխատուժ չկա»:

Իրենց դերը, այդուհանդերձ, ունեն նաեւ բնակլիմայական անբարենպաստ պայմանները` Ղարաբաղում անընդհատ տեղացող անձրեւները, կարկուտը վնասել են ցանքատարածքները: Արդյունքում անգամ ջանասեր ղարաբաղիներն են տուժել:

«Կարկուտ էր, երաշտ էր… դրա համար տեղական ապրանք չկա, իսկ ներմուծված ապրանքը միշտ էլ թանկ է լինում: Ես, օրինակ, Աղդամում կարտոֆիլ եմ ցանել` հեկտարից 400 կիլոգրամից ավելի չեմ ստացել: Անցած տարի այս ժամանակ ես հարյուր դրամով պոմիդոր էի վաճառում» - «Ազատություն» ռադիոկայանին ասաց շուկայի վաճառողներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG