Մատչելիության հղումներ

Գյումրու 2 պետական ԲՈՒՀ-երում ստիպված են կրճատել դասախոսական կազմը


Գյումրու 2 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում արդեն երկրորդ տարին է, որ ուսանողների համար հատկացված տեղերը չեն համալրվում։

Ամենավատն այս առումով Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի վիճակն է։

«Մեր պլանը 235 հոգի էր, որից 30-ը անվճար, մնացածը՝ վճարովի։ Երկրորդ տարին է այս իրավիճակը։ Անցյալ տարի 117 հոգի ընդունվեց, եւ այս տարի՝ 90 հոգի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԲՈՒՀ-ի ռեկտոր Վահագն Շահբազյանը։

Ռեկտորի խոսքով, Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը ստիպված է լինելու կրճատել դասախոսական կազմը. - «Ստիպված ենք որոշ մարդկանց հետ պայմանագիր չկնքել։ Անցյալ տարի 10 հոգու հետ չենք կնքել, այս տարի մոտ 10-12 հոգու հետ նորից չենք կնքելու»։

Իրավիճակը բարդ է նաեւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում։ Ինստիտուտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի օգնական Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ընդունելության արդյունքների ամփոփումից հետո պարզվել է, որ ԲՈՒՀ-ում թափուր տեղեր կան։

«Նախատեսված է եղել 80 տեղ պետպատվեր։ Մոտ 15 տեղ պետպատվերից բաց է մնացել։ Այս իրավիճակում վճարովի տեղերը ինքնըստինքյան բաց կմնան, իսկ դա նշանակություն ունի նաեւ ԲՈՒՀ-ի համար։ Կան բաժիններ, որտեղ շատ քիչ են դիմորդները, օրինակ սոցմանկավարժության բաժնում 1 դիմորդ ունենք», - նշեց Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, որ այսպիսի բաժինները փակվելու են, կրճատվելու է դասախոսական կազմը։

Ի տարբերություն պետական այս երկու ԲՈՒՀ-երի, Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ուսանողի պակաս չունեն։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոզա Կուրղինյանի խոսքով, այս տարի ԲՈՒՀ-ին 56 հավելյալ տեղ է հատկացվել, սակայն դրական միավորներ ստացած դիմորդների թիվն ավելի մեծ է, եւ իրենք դիմել են կրթության նախարարություն՝ խնդրելով լրացուցիչ տեղեր տրամադրել։
XS
SM
MD
LG