Մատչելիության հղումներ

Ռոբերտ Գեյթսը էական կրճատումներ է առաջարկում


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթս
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթս

Պենտագոնի ղեկավարն առաջարկել է առաջիկա հինգ տարում բարեփոխել պաշտպանության նախարարության աշխատանքը, կրճատել ծախսերն ու մեծ թվով հաստիքներ։

Վերլուծաբանների փոխանցմամբ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի առաջարկը բխում է Ամերիկայի Միացյալ Նահանգների բյուջեի աստղաբաշխական չափի` 1 տրիլիոն 140 միլիարդ դոլարի հասած դեֆիցիտը կրճատելու անհրաժեշտությունից։

Պենտագոնի բյուջեն 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո գրեթե կրկնապատկվել է։ Այսօրվա դրությամբ, այն կազմում է 530 միլիարդ դոլար, ընդ որում, դա չի վերաբերում Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներին, դրանց ֆինանսավորումն իրականացվում է առանձին տողով։

Նախարարը հույս է հայտնել, թե իր ծրագիրը կհամոզի Կոնգրեսին այն բանում, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Պենտագոնն անում է առավելագույնը հարկատուների տրամադրած միջոցները խնայողաբար ծախսելու համար։ Միաժամանակ, նա նախազգուշացրել է, որ հետագա կրճատումները կարող են ծանր հարված հասցնել երկրի պաշտպանունակությանը։

«Իմ մեծագույն մտահոգությունն այն է, որ մարդիկ չսկսեն մտածել, թե պաշտպանությունն է այն ոլորտը, որի հաշվին կարելի է երկրի բյուջեի դեֆիցիտի խնդիր լուծել», - ասել է նախարարն ու ավելացրել. - «Ես հետեւում եմ աշխարհի զարգացումներին, տեսնում եմ, որ աշխարհն ավելի անկայուն է դառնում, գիտեմ, թե քանի ձախողված եւ ձախողման ընթացքում գտնվող պետություններ են ավելացնում իրենց զինված ուժերի ծախսերը։ Մեր կողմից հետագա կրճատումն աղետալի կլինի»։

Պենտագոնի ղեկավարը նախարարության վարչություններին հանձնարարել է առաջիկա հինգ տարում խնայել մոտ 100 միլիարդ դոլար։ Այդ գումարն ուղղվելու է զինված ուժերի մարտունակության ամրապանդմանը։ Ինչի՞ հաշվին է դա արվելու։ Ըստ «Ռոյթերզ» գործակալության, Գեյթսն առաջարկում է կրճատել Պենտագոնի պաշտոնյաների թիվը, այլեւս չստեղծել գեներալների եւ ծովակալների շտաբային նոր պաշտոններ, փակել որոշ ռազմակայաններ, լուծարել գլխավոր վարչություններից մեկը` Միավորված ուժերի հրամանատարությունը, որի կազմում կա շուրջ հինգ հազար ծառայող։

Այս հրամանատարության հարցը մտահոգում է ամերիկացի զինվորականներին, ինչպես նաեւ օրենսդիրներից շատերին։ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջիմ Վեբի համոզմամբ՝ «միանգամայն հասկանալի է, որ պետական բյուջեի վիճակը պարտադրում է կրճատումներ, սակայն դա չի կարելի անել ռազմական դոկտրինի ապագայի համար պատասխանատվություն կրող կառույցի հաշվին»։

Ռոբերտ Գեյթսն առաջարկում է նաեւ տասը տոկոսով կրճատել զինված ուժերի հետ պայմանագրեր կնքած կապալառուների թիվը։

Ռոբերտ Գեյթսի անմիջական ղեկավարը` Միացյալ Նահանգների նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բարաք Օբաման արդեն ողջունել է նախարարի առաջարկը։

«Տնտեսած միջոցները կօգնեն մեզ կայուն վիճակում պահել զինուժը եւ պատասխանատու կերպով գումարներ հատկացնել բանակի արդիականացման ծրագրերին», - ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG