Մատչելիության հղումներ

Անտառային հրդեհը Ախալցխայում չի հաջողվում մարել


Վրաստանի հայաշատ Ախալցխայի շրջանի անտառային զանգվածում օրեր առաջ բռնկված խոշոր հրդեհը առայժմ չի հաջողվում մարել:

«Գրուզիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարության ղեկավարները այսօր լրագրողներին հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են երկրի զինված ուժերի ավելի քան 200 զինծառայողներ, որոնք միացել են կրակի դեմ պայքարող հարյուրավոր հրշեջ ջոկատներին, անտառապահներին եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցներին, ինչպես նաեւ տեղի բնակիչ-կամավորներին:

Տասնյակ հեկտարներ տարածված հրդեհի տեղայնացման աշխատանքների շնորհիվ, որոնցում օգտագործվում են նաեւ երեք հակահրդեհային ուղղաթիռներ, համատեղ ջանքերով հաջողվել է կանխել կրակի առաջխաղացումը անտառի մնացած մասի ուղղությամբ: Նախարարության պաշտոնյաների վկայությամբ` այրվել են ընդհանուր առմամբ 25 հեկտար տարածք զբաղեցնող ծառեր եւ թփեր:

Հրդեհը ծագել է Ախալցխայի եւ մերձակա այլ շրջաններում վերջին շաբաթներին արձանագրվող ուժեղ շոգի հետեւանքով, երբ օդի ջերմաստիճանը չի իջնում 38-40 աստիճանից, իսկ անձրեւ չի տեղացել արդեն մեկեւկես ամիս:

Այդուհանդերձ, Վրաստանի շրջակա միջավայրի նախարար Գեորգի Խաչիձեն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե կանխամտածված հրկիզում է տեղի ունեցել:

«Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Սամցխե-Ջավախեթիի անտառներում հրդեհը ծագել է կանխամտածված հրկիզման պատճառով, եւ քննությունը արդեն ունի կասկածյալներ», - հայտարարել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG