Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը շեշտը դնում է հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների վրա


Հայաստանի Զինված ուժերի սպառազինության արդիականացման գործում շեշտը դրվելու է հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների ձեռք բերման, ինչպես նաեւ տեղում դրանց արտադրության վրա:

Երեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության ռազմավարությունը վերանայող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվեցին Հայաստանի ռազմական արդյունաբերության եւ Զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: Երկու ծրագրերն էլ նախնական հավանության արժանացան։ Նախատեսվում է ծրագրերը ավարտուն տեսքի բերել այս տարի:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
«Այդ ծրագրերի իրականացումը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում որակապես կբարելավի Զինված ուժերի այսօրվա մակարդակը», - նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով - «Նշված ծրագրերը իրենց մեջ ներառում են ինչպես գերժամանակակից սպառազինության ձեռքբերումները, այնպես էլ նրանց որոշ մասի՝ տեղական արտադրության մեջ ներառելը»։

Պաշտպանության նախարարը ընդգծեց, որ տեղում ռազմաարդյունաբերական ոլորտի արտադրության կազմակերպումը եւ Հայաստանի անկախ հնարավորությունների ընդլայնումը իր ղեկավարած գերատեսչության կողմից «ամենակարեւոր ուղղություններն» են համարվում։

Հայաստանի զինուժի համար «հեռահար ու գերճշգրիտ» զինատեսակների ձեռքբերման եւ արտադրության վերաբերյալ պաշտպանության նախարարի հայտարարությունը հնչում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 հակաօդային պաշտպանության համալիրներ վաճառելու մասին լուրերից օրեր անց։ Չնայած նման գործարքի մասին տեղեկությունը հերքեց զինտեխնիկայի վաճառքով զբաղվող ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը, սակայն մինչ օրս ռուսաստանյան պաշտոնական մարմինները ո´չ հաստատել, ո´չ էլ հերքել են տեղեկությունը:

«Ցանկացած նոր սպառազինության ձեռքբերում ուժերի հավասարակշռության վրա համապատասխան ազդեցություն կունենա»,- մեկնաբանելով այս լուրերը՝ այսօր նշեց Սեյրան Օհանյանը՝ հիշեցնելով, սակայն, որ С-300 համալիրների մասին տեղեկությունը հերքվել է։

«Կոնկրետ պայմանավորվածություններ»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (աջից) եւ Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը վարում են միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, 10-ը օգոստոսի, 2010թ.
Հայաստանի պաշտպանության ռազմավարությունը վերանայող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ներկա էր նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ Հայաստանը ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ։

«Ունենք կոնկրետ գործնական պայմանավորվածություններ՝ մի շարք ուղղություններով համատեղ ձեռնարկություններ ստեղծելու Ռուսաստանի Դաշնության համապատասխան ձեռնարկությունների հետ», - հայտարարեց Բաղդասարյանը։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հավելեց, որ ռազմաարդյունաբերական համալիրների միջեւ համագործակցության մասին պայմանավորվածություններ կան նաեւ Բելառուսի հետ։
XS
SM
MD
LG