Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգների Սենատում անցած շաբաթ տեղի չունեցավ Ֆրենսիս Ռիչարդոնեին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատելու հարցով քվեարկությունը։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 3-ին հավանություն էր տվել նրա թեկնածությանը, եւ հարցը տեղափոխվել էր արդեն լիագումար նիստ։ Սակայն սենատոր Սեմ Բրաունբեքը առկախել է քվեարկությունը, ինչի մասին պաշտոնապես գրավոր հայտնել է իր գործընկերներին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է այդ հանգամանքը գնահատում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, մասնավորապես, ասաց. - «Պարոն Ռիչարդոնեի [հարցով] քվեարկության հետաձգումը վկայում է, որ ներկայումս ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ քաղաքականության վերաբերյալ խնդիրներ կան։ Սա պետք է առիթ դառնա, որ Սենատը եւ Պետդեպարտամենտը ընդհանրապես վերաքննեն քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ»։

«Ինչպես գիտենք, այսօրվա դրությամբ դա Թուրքիայի առջեւ տեղի տալու քաղաքականություն է` լինի անվտանգության ապահովման, թե մարդու իրավունքների հարցերում։ Եվ, իհարկե, ինչպես ամեն հայ գիտի, դա նաեւ Հայոց ցեղասպանությունը մերժելու հարցում Թուրքիայի առջեւ տեղի տալու քաղաքականություն է», - ընդգծեց Հայ դատի գրասենյակի խոսնակը` հավելելով. - «Ուրեմն, դեսպանների հաստատման հարցով քվեարկությունները այդ քաղաքականությունը վերանայելու եւ ապագայում փոփոխության ենթարկելու եւս մեկ առիթ են. անշուշտ, դա վերաբերում է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի խնդրին»։

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցած երեքշաբթի սենատոր Բարբարա Բոքսերի պահանջով առկախել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային հաստատելու հարցով քվեարկությունը։

Թուրքիայում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում հաստատվելու դեպքում Ֆրենսիս Ռիչարդոնեն փոխարինելու է Ջեյմս Ջեֆրիին, ով նշանակվել է Իրաքում Միացյալ Նահանգների դեսպան եւ Անկարայից պետք է մեկնի Բաղդադ։ Ենթադրվում է, որ Ռիչարդոնեի հարցով քվեարկությունը Սենատում տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG