Մատչելիության հղումներ

Օգոստոսի 10-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը կանխանշում է այն վտանգները, որոնք, թերթի կարծիքով, կարող են առարկայական դառնալ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման եւ ռազմակայանին լրացուցիչ գործառույթների վերապահման դեպքում: Թերթը գրում է. - «Դժվար է պատկերացնել հայաստանյան որեւէ լրջմիտ իշխանություն, որ տեսանելի ապագայում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները դուրս բերելու խնդիր բարձրացնի, բայց այն մոտեցումը, որ ցուցաբերում են գործող իշխանությունները, դուրս է պետական գիտակցության շրջանակներից: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ սպասվում է հայ-ռուսական արձանագրությունների ստորագրում, որով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 25 տարուց երկարաձգվելու է մինչեւ 49 տարի: Շատ ավելի կարեւոր է, որ սպասվող այդ արձանագրությամբ ռուսական ռազմակայանին վերապահվում է Հայաստանի անվտանգության ապահովմանը մասնակցություն ունենալու գործառույթ: Այդ ռազմակայանը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, առանց այն էլ Հայաստանի անվտանգության գաղափարաբանության հենասյուներից էր, բայց սպասվող արձանագրության նախագծում նշված ձեւակերպման առկայությունը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանի ռուսական ռազմակայանին կառավարման լիազորություններ են տրվում: Անվտանգության ապահովումը Հայաստանի պետական մարմինների թիվ 1 խնդիրն է, եւ ահա այդ խնդրի լուծմանը ռուսական ռազմակայանի ղեկավարության մասնակցությունը դառնում է անառարկելի եւ դե յուրե հաստատված փաստ: Իրավիճակի վտանգավորությունը հասկանալու համար բավարար է հիշել, որ կայուն քաղաքական հենարան ունեցող ուժային նախարարները Հայաստանում միշտ էլ ավելին են, քան նախարարը, երբեմն ավելի, քան նախագահը: Եվ այս իմաստով պատկերացնել կարելի է, թե ինչի կարող է վերածվել Հայաստանում ռուսական ռազմակայանի` թիկունքում գերտերություն ունեցող ղեկավարը վերը նշված արձանագրությունների ստորագրման եւ վավերացման պարագայում»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Այն, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել C-300 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր, անհանգստացրել եւ զայրացրել է մեր հայրենակիցներին: Անհանգստանալու տեղ, իրոք, կա, իսկ զայրանալու` ոչ: Հայաստանի ռազմակավարական գործընկերը երբեւէ խոստում չի տվել հարեւան երկրին զենք չվաճառել, իսկ եթե նույնիսկ տար, միեւնույն է` մենք որեւէ լծակ չունենք` նրանից պատիվ պահանջելու»: Խմբագրականն ամփոփում է. - «Ռուսաստանը, անշուշտ, մեր բարեկամ երկիրն է: Պարզապես պետք է պատրաստ լինել, որ այդ բարեկամը կարող է ցանկացած պահի մեզ «քաշել»»:

«Հրապարակ» թերթին հարցազրույց է տվել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով, հիշեցնենք, նախարար է նշանակվել «Օրինաց երկրին» հատկացված կոալիցիոն քվոտայի շրջանակում: Հարցին, թե հնարավոր է, որ նախարարին տրված վարչական լծակներն օգտագործի հօգուտ «Օրինաց երկրի», Երիցյանը պատասխանում է. - «Ոչ: Բոլորը գիտեն, որ ես հայտարարել եմ, որ առավոտվա 9-6-ը ես արգելել եմ կուսակցության մասին նախարարությունում խոսել, որեւիցե կուսակցության աշխատանքի մասին: Այսինքն` յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր առջեւ դրված խնդիրներով: Ես շատ եմ կարեւորում տվյալ նախարարության աշխատանքը: Դուք տեսնում եք հիմա Ռուսաստանի Դաշնությունում ինչ է կատարվում: Աստված մի արասցե, էստեղ մի բան եղավ, մենք պետք է դրան պատրաստ լինենք: Օրինակ, 88-ին ինչքան զոհ ունեցանք զուտ նրա համար, որ չունեինք մասնագետներ, հրշեջ փրկարարներ չունեինք: Հիմա ես աշխատում եմ, որ մենք կարողանանք ունենալ պրոֆեսիոնալ մասնագետներ»: Թերթի հաջորդ հարցին, թե որքանով են իրական նախարարությունում կադրային ջարդ անելու մասին լուրերը, Երիցյանն արձագանքում է. - «Հայաստանի Հանրապետությունում կադրերն այնքան քիչ են, որ ջարդ անել, դա մինիմում սխալ է: Ասյինքն` եթե մարդը մասնագետ է, կողքինը, ով զգում է, որ չի կարող աշխատել, իրենք դիմումը գրում-գնում են: Ես դա գտնում եմ նորմալ երեւույթ: Կադրային ջարդ ես ոչ մի տեղ չեմ արել ու չեմ էլ անելու: Ես չունեմ իմ թիմը: Որտեղ գնում եմ, էնտեղ եմ ձեւավորում թիմ»:

Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում միգրացիայի տեմպերի հետագա աճ է կանխատեսում եւ նշում, որ դրա պատճառներից մեկը որակավորում ունեցող մարդկանց պահանջարկի բացակայությունն է. - «Մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք ինտելեկտուալ ոլորտի արտադրանք ստեղծողներ, մշակույթի ոլորտում որակյալ մարդիկ, ովքեր այստեղ չեն կարողանում իրենց ունակությունները ռեալիզացնել եւ դրա դիմաց համարժեք վարձատրություն ստանալ, կարգավիճակային աճ գրանցել: Օրինակ, Հայաստանում շատ տաղանդավոր եւ հայտնի երգիչը շատ ավելի ցածր կարգավիճակ ունի, քան, ասենք, ինչ-որ մի կիսագրագետ, բայց շատ հարուստ գործարար, որը նաեւ կարող է դառնալ Ազգային ժողովի պատգամավոր եւ ընդհանրապես նրա թուրը կարող է աջ ու ձախ կտրել: Այսինքն` արտոնյալության մի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, որի ֆենոմենը ձեւավորվեց Տեր-Պետրոսյանի շրջանում, բայց Քոչարյանի իշխանության ժամանակ այն ստացավ կառուցվածքային բնույթ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG