Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը անսպասելի այց կատարեց Աբխազիա


Դմիտրի Մեդվեդեւը Սուխումիում հանդիպում է Սերգեյ Բաղապշի հետ, 8-ը օգոստոսի, 2010թ.
Դմիտրի Մեդվեդեւը Սուխումիում հանդիպում է Սերգեյ Բաղապշի հետ, 8-ը օգոստոսի, 2010թ.

Կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը անսպասելի, չհայտարարված այցելություն կատարեց Աբխազիա։

Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո սա Ռուսաստանի նախագահի առաջին այցելությունն է Աբխազիա։

Կարճատեւ աշխատանքային այցի ընթացքում Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ հանդիպմանը Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թե Ռուսաստանը զարգացնելու է «ամբողջ համալիր հարաբերությունները Աբխազիայի հետ` քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում»։

Նա խորհրդանշական է համարել, որ Աբխազիա է այցելում օգոստոսին։ «Ուղիղ երկու տարի առաջ տեղի ունեցան հայտնի ծանր դեպքերը Հարավային Օսիայում, որոնց հետեւանքով սկսվեցին մի ամբողջ շարք քաղաքական գործընթացներ, ներառյալ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտներ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը` ավելացնելով, թե Ռուսաստանի համար այդ որոշումն ընդունելը «հեշտ չէր, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր»։

Մեդվեդեւը այցելել է Գուդաուտայում տեղակայված ռուսական ռազմակայան։ Նա հավաստիացրել է, որ իշխանությունները հնարավորը կանեն նրանց նորմալ ծառայությունն ու կենցաղը ապահովելու համար։

Նա նշել է, որ անցած երկու տարիները հեշտ չէին, բայց այդ ընթացքում հաջողվել է խաղաղ կյանք ապահովել։

Նա ասել է, որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ծառայող ռուսաստանցի զինվորականները «թույլ չեն տալիս որոշակի ծայրահեղական ուժերին թելադրելու սեփական մոտեցումները, թշնամություն եւ ատելություն սերմանել ու արյուն թափել»:

Ռուսաստանի նախագահը կիրակի օրը շրջել է Սուխումիում` զրուցելով ծովափին հանգստացող ռուս զբոսաշրջիկների հետ, ասել է, թե Ռուսաստանը օգնություն է ցուցաբերելու Աբխազիայի օդանավակայանը եւ օդային հաղորդակցությունը վերականգնելու համար։
Նրա խոսքերով` Աբխազիան ունի բոլոր հնարավորությունները Սեւ ծովի զբոսաշրջության կենտրոններից մեկը դառնալու համար։

«Կյանքը փոխվում է, եւ ես ուրախ եմ, որ դուք այստեղ հանգստանում եք, որ այստեղ Ձեզ դուր է գալիս։ Իսկ մենք կօգնենք», - ասել է նա ռուս զբոսաշրջիկներին։

Սերգեյ Բաղապշն ասել է, որ հիմա Աբխազիայում մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ է հանգստանում` համեմատելով, որ խորհրդային ժամանակներում 2-2.5 միլիոն զբոսաշրջիկ էր ժամանում Աբխազիա։

Մեդվեդեւն այցել է Աբխազիայի պետական ֆիլհարմոնիա, Պուշկինի անվան հանրակրթական դպրոց։ Նա նաեւ ծաղկեպսակ է դրել վրաց - աբխազական պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG