Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում գործող հայկական ճամբարին արգելվում է ընդունել հայաստանցի երեխաներին


Ստամբուլ, Թուրքիա

Ստամբուլ, Թուրքիա

Ստամբուլի կղզիներից մեկում հայ երեխաների ամառային ճամբարը նորից բացում է իր դռները։ Այս ավանդույթը արդեն 50 տարի շարունակվում է։ Անապահով հայ ընտանիքների երեխաների համար այս ճամբարը հիմնադրվել է 1960 թվականին, այն ժամանակվա Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալստյանի նախաձեռնությամբ։

Արքայազնների կղզիները, ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News-ը, կոսմոպոլիտ են համարվում։ Այնտեղ տեղակայված են Թուրքիայի ոչ մահմեդական համայնքների շատ հաստատություններ, այստեղ է գտնվում նաեւ Պոլսո Հայոց պատրիարքարանի ամառային նստավայրը։

Ի տարբերություն նմանօրինակ այլ հաստատությունների, հայկական ճամբարը կապ չունի Թուրքիայի կրթության նախարարության հետ։ Այն պատկանում է «Կարագյոզի ապաստանաց դպրոց հիմնադրամին»։

Ճամբարն ընդունում է անապահով ընտանիքների 4-ից մինչեւ 14 տարեկան երեխաներին։

Վերջին տարիներին երեխաների թիվը կիսով չափ կրճատվել է։ Նախկինում ամբողջ Թուրքիայից այստեղ էին գալիս մոտավորապես 250 երեխաներ, հիմա նրանց թիվը 130 է։ Ճամբարի վարչակազմից Զեւան Չավուշյանը Hurriyet-ին ասել է, որ պատճառը Թուրքիայից հայերի արտագաղթն է։ Նրա խոսքով, հայ համայնքի շատ անդամներ Թուրքիայից հեռանում են այլ երկրներ։

Վերջին հինգ տարիներին ճամբարը ընդունում է նաեւ հայ եւ թուրք խառը ամուսնացածների երեխաներին։ Բայց ըստ կանոնակարգի՝ այն չի կարող ընդունել Թուրքիայում բնակվող հայաստանցի երեխաներին։

«Չնայած մենք կրթության նախարարության վերահսկողության ներքո չենք գտնվում, բայց երբ գործը հասնում է հայաստանցի երեխաներին, մենք ստիպված են պահպանել ազգային փոքրամասնությունների դպրոցներին վերաբերող կանոնակարգը։ Իսկ այդ կանոններով մենք կարող ենք ընդունել միայն Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հայ ընտանիքների երեխաներին», - ասել է ճամբարի վարչակազմի ներկայացուցիչ Զեւան Չավուշյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG