Մատչելիության հղումներ

Լրացավ ռուս - վրացական պատերազմի երկու տարին


2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսված ու 5 օր տեւած պատերազմի հետեւանքով Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան: Ըստ պաշտոնական տվյալների` երկու կողմից սպանվածների թիվը կազմեց մոտ 250 մարդ, իսկ վիրավորներինը` գրեթե 2 հազար:

Տարելիցի կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրապարակած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի դեմ սկսվել է ոչ 2008 թվականին, այն շարունակվում է նաեւ այսօր, եւ մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին օկուպանտը չի լքել մեր երկիրը: Մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր երկրի ազատագրման, եւ այդ պայքարը պետք է վարվի թե' մեր երկրում, թե' նրա սահմաններից դուրս: Մեր պատմական խնդիրն է այդ պայքարը հասցնել մինչեւ վերջ, եւ մենք այն կհասցնենք մինչեւ վերջ»:

Հուլիսի 28-ին հանդիպելով պաշտպանության նախարարության ղեկավարության հետ` Վրաստանի նախագահը որպես պետության գլխավոր նպատակ էր հռչակել երկրի դեօկուպացիան եւ կոչ արել ողջ երկրով մեկ պատրաստվել «համատարած պաշտպանության»:

Երկու օր առաջ էլ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, թե վրացական ներկայիս իշխանությունների օրոք հարաբերությունները երկու երկրների միջեւ չեն կարգավորվի:

Պատերազմից երկու տարի անց վրաց քաղաքագետ Գիա Նոդիան ընդգծում է. - «Պատերազմի գլխավոր արդյունքն է` ավելի շատ հստակությունը Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերում: Այս փուլում վրաց - աբխազական կամ վրաց - հարավօսական հակամարտություններ, փաստորեն, չկան: Կա մեկ հակամարտություն` վրաց - ռուսական, եւ նրա լուծումը դեռ երկար չի լինի: Վրաստանը չի հրաժարվի իր տարածքներից, Ռուսաստանն էլ չի փոխի իր որոշումը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով ռուս - վրացական պատերազմի հետեւանքների մասին` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը ասաց. - «Պատերազմը Վրաստանում ցույց տվեց, որ Հարավային Կովկասում առկա «սառեցված հակամարտություններն» այնքան էլ սառեցված չեն, ինչպես շատերը կարծում էին, իսկ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը իրականում խոցելի են»:

«Կարճատեւ ժամանակահատվածում [տարածաշրջանում] ռուսական ազդեցությունը ամրապնդվեց եւ աճեց: Սակայն ավելի երկարատեւ կտրվածքով Ռուսաստանը տարածաշրջանում հանդես է գալիս ոչ թե ուժեղի, այլ թույլի դիրքերից: Պատերազմից հետո Մոսկվան ավելի շատ է համագործակցում ամերիկացիների հետ` պահելու այն, ինչ ձեռք է բերվել պատերազմի արդյունքում: Ներկայումս Ռուսաստանը չի ցանկանում ստանալ ավելի մեծ ազդեցություն Հարավային Կովկասում եւ, ինչպես ասացի, ձգտում է պահել ստացածը», - ընդգծեց վերլուծաբանը` հավելելով. - «Մյուս կողմից, մենք կարող ենք ասել, որ պատերազմը վերջ դրեց վրացիների, այսպես ասենք` «տարածաշրջանը լքելու» երազանքներին: Վրաստանն այլեւս առանձնացված չէ Կովկասից եւ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը: Սա վերաձեւում է Հարավային Կովկասը ավելի շատ որպես տարածաշրջան, քան առանձին պետություններից բաղկացած մի համախումբ»:

«Իրականում, պատերազմը շատ բան չփոխեց տարածաշրջանում, եւ, օրինակ, Ռուսաստանը ստացավ այն, ինչ, փաստորեն, ուներ», - «Ազատություն» ռադիոկայանին իր կարծիքը փոխանցեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` շարունակելով. - «Բոլորը տեսան, որ այս տարածաշրջանում ամրապնդվելու համար Ռուսաստանը պատրաստ է գնալ մինչեւ վերջ` թափելու թե' իր, թե' ուրիշների արյունը իր շահերի պաշտպանության համար, ինչին Արեւմուտքը պատրաստ չէ: Իսկ երկրորդը այն է, որ Ռուսաստանը պատրաստ է դա անել առանց իր ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերը հաշվի առնելու, եւ Հայաստանի խոցելիությունը ի ցույց դրվեց այս պատերազմի ընթացքում»:

Հրապարակախոս Գեւորգ Տեր-Գաբրիելյանի ներկայացմամբ` այնքան էլ տեղին չէ ասել, թե պատերազմի արդյունքում Ռուսաստանը ուժեղացրեց իր աշխարհաքաղաքական դիրքերը տարածաշրջանում, քանի որ, ըստ նրա, Ռուսաստանում առկա է խորը համակարգային ճգնաժամ, որն ուղղակի խոչընդոտում է պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքական նախաձեռնությունները:

Փոխարենը, ըստ Գեւորգ Տեր-Գաբրիելյանի, թեեւ ֆորմալ առումով նույնպես Աբխազիան ու Հարավային Օսիան անջատվեցին Վրաստանից, իսկ վրացական քաղաքական ողջ էլիտան ու ժողովուրդը հիասթափություն ապրեցին Արեւմուտքի օգնության վերաբերյալ, սակայն Հայաստանի հյուսիսային հարեւանը իր մեջ ուժ գտավ անցկացնել եւ մինչ օրս էլ շարունակել ներքին շատ արժեքավոր բարեփոխումներ:

«Մենք կարող ենք դրանից դասեր քաղել, որովհետեւ մեզ մոտ էլ շատ հաճախ ասում են, որ արտաքին վտանգը չի թողնում բարեփոխումներ անել, մինչդեռ Վրաստանի արտաքին վտանգը` ի դեմս Ռուսաստանի, ոչ պակաս է, քան Հայաստանի արտաքին վտանգը` ի դեմս, ասենք, Ադրբեջանի կամ Թուրքիայի, ինչպես մենք տեսանք: Բայց Վրաստանին չի կանգնեցնում այդ արտաքին վտանգի գոյությունը ներքին բարեփոխումները արագ թափով, ուժգին զարգացնելուց», - ընդգծեց նա:

Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, թե չնայած պատերազմի հետեւանքով Հայաստանի ռազմավարական նշանակությունը բարձրացավ, բայց «նշված օգուտը Հայաստանի համար կարող է լինել ժամանակավոր»: «Որպեսզի այն երկարատեւ լինի, հարկավոր է, որ Հայաստանի կառավարությունը վճռականորեն մտածի ու գործի ներքին խնդիրների լուծման եւ տարածաշրջանում ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու ուղղությամբ», - շեշտեց վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG