Մատչելիության հղումներ

Օգոստոսի 7-ի մամուլ


Անդրադառնալով Gallup-ի սոցիոլոգիական հարցման արդյունքներին, ըստ որոնց` հայաստանցիների 39 տոկոսը ցանկանում է լքել երկիրը, «Առավոտ»-ի խմբագիրը նախ նկատում է, որ «մեկ միլիոն պոտենցիալ մեկնողներից ամենաշատը 10 տոկոսն է աղետալի վիճակում», ապա մեկնաբանում. - «Իմ անձնական շփումը ցույց է տալիս, որ «երթալու» ցանկություն ունեցողների գերակշիռ մասը սովից չի կոտորվում, ունի բնակարաններ եւ ստանում է քիչ թե շատ տանելի եկամուտներ: «Մենք այստեղ հեռանկար չունենք», - ասում են ինձ երիտասարդները: «Մենք այստեղ մեր երեխաների համար որեւէ հեռանկար չենք տեսնում», - պնդում են իմ հասակակիցները: «Հեռանկար չտեսնելը», իհարկե, շատ տարողունակ հասկացություն է: Հիմնականում խոսքն այն մասին է, որ մեր երկրում նորմալ մասնագետը եւ ազնիվ աշխատանքը բացարձակապես չեն գնահատվում: Երիտասարդը, որը «ջիփի» ղեկին տեսնում է իր անբան, անտաղանդ, անգրագետ եւ անկիրթ հասակակցին, հասկանում է, որ ոչ մի գիտելիքով, ոչ մի հմտություններով նա երբեք այդ «ջիփը» չի վաստակի, որ այդ մեքենան ձեռք է բերվել անբան երիտասարդի գող-ավազակ ծնողների կողմից` թալանելու եւ կաշառք վերցնելու միջոցով: Ի՞նչ եք կարծում` կցանկանա՞ այս պայմաններում մտավոր եւ մասնագիտական ներուժ ունեցող երիտասարդը իր գործունեությունը ծավալել Հայաստանում: Կցանկանա՞ն այդ երիտասարդի ծնողները, որ նա մնա երկրում: Կամ` բնական չի՞, որ կրպակ կամ փոքր խանութ ունեցողը, որի մոտ ամեն ամիս գալիս է հարկայինը եւ առանց որեւէ պատճառի 100 հազարավոր դրամներ պահանջում` պլանները կատարելու եւ գերակատարելու համար, ի վերջո կփորձի կրպակ դնել այն երկրում, որտեղ իրեն չեն հարստահարելու: Այնպես որ, երկիրը լքելու պատճառներն իրականում բավականին «թափանցիկ» են»: «Վստահ եմ, որ իշխանությունը մոտ ապագայում կանցկացնի իր հարցումը, որպեսզի ապացուցի, որ «Գելափի» տվյալները չափազանցված են: Իհարկե, գլուխը ավազի մեջ մտցնելը ամենահեշտ տարբերակն է», - եզրափակում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Հրապարակ»-ը շարունակում է անդրադառնալ բանակի խնդիրներին` գրելով. - «Այսօր մենք ունենք այսպիսի բանակ, որովհետեւ իր ստեղծման օրվանից այն քողարկված է խեղճության շղարշի տակ: Մի տեսակ վախի մթնոլորտ կա բանակում: Խեղճացած զինվորը դուրս է գալիս բանակից եւ քաղաքացիական կյանքում չի կայանում, չի կարողանում դառնալ հասարակության լիարժեք անդամ: Նրա ենթագիտակցության մեջ միշտ այդ վախը մնում է: Մեր բանակին պետք են այնպիսի սպաներ, հրամանատարական կազմ, ովքեր չեն վիրավորի, նվաստացնի զինվորին: Նրան կվերաբերվեն այնպես, ինչպես իրենց սեփական «ես»-ին: Այս համակարգում լուրջ փոփոխություններ են պետք: Մեզ պետք են ինտելեկտուալ ու, ամենակարեւորը` մարդկային բարձր հատկանիշներով օժտված սպաներ: Թող մի քիչ անգրագետ լինեն, բայց տեսակով մարդ լինեն: Կարծում ենք, որ մեր բանակն այսօր լուրջ խնդիրներ ունի ե'ւ սպայական կազմի հետ, ե'ւ զինվորների հետ շփման հարցում»:

«Ժամանակ»-ը անդրադառնում է նախօրեին կաշառակերության մեղադրանքով 10 եւ 7 տարվա ազատազրկման պատժաչափեր ստացած երկու պաշտոնյաների դատին եւ գրում. - «Դժվար է ասել, թե՞ կհասցնի, արդյոք, կոռուպցիան ուշքի գալ այդ հարվածից, թե՞ կհասցնի վերականգնել կորցրած դիրքերը: Կոռուպցիայի դեմ պայքարում հասարակությունը երեւի թե պետք է օգնի իշխանությանը: Չէ՞ որ կոռուպցիայի դեմ պայքարն առանց հասարակության չի կարող լինել: Այդ մասին իշխանությունը հայտարարում է արդեն քանի տարի, բայց քանի որ հասարակությունը չի ցանկանում օժանդակել իշխանությանը, ապա կոռուպցիան շարունակում է իր քայքայիչ գործունեությունը պետական կառավարման օղակներում»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Ցորենի միջազգային շուկայի վիճակը մշտապես եղել ու մնում է կառավարության ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում», - հայտարարել է ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը: «Պետք է նշել, որ թե' կառավարությանը, թե' մասնավոր ներկրողներին հաջողվել է ժամանակին ձեւավորել ցորենի համապատասխան` Հայաստանի պահանջարկը բավարարելու համար առավել քան բավարար պաշար: Այժմ էլ թե' կառավարությունը, թե' ներմուծողները շարունակում են աշխատանքները` Հայաստանի Հանրապետություն ցորենի ներմուծման եւ երկրի պարենային անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նա: Վարչապետի հանձնարարությամբ` վերահսկողական ծառայությունը մշտապես իրականացնում է ցորենի պաշարների վիճակի ուսումնասիրություն: Ըստ Անանյանի` երեկ առավոտյան վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարությանը համակողմանի տեղեկատվություն տրամադրել խնդրո առարկայի վերաբերյալ: «Նախարարությունը համակողմանիորեն ուսումնասիրել է իրավիճակը եւ զեկուցել վարչապետին, որ ցորենի բերքը, ներմուծումն ու առկա պահուստները լիովին բավարար են երկարաժամկետ հեռանկարում ներքին պահանջարկը բավարարելու համար»,- նշել է Անանյանը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG