Մատչելիության հղումներ

logo-print

Իշխանությունն եւ ընդդիմությունը հակադիր մեկնաբանություններ են տալիս Gallup-ի հարցմանը


Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, Երեւան, ապրիլ, 2010թ, լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի

Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, Երեւան, ապրիլ, 2010թ, լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները ուրբաթ օրը հակադիր մեկնաբանություններ տվեցին Gallup հետազոտական կենտրոնի` երեկ հրապարակած ուսումնասիրության արդյունքներին:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկածի տակ առավ ուսումնասիրության արդյունքները:

«[Ներկայացված թվերի հետ] համաձայն չեմ, շատ ուռճացված թվեր են, կողմնակալ հարցումներ են», - ասաց Զոհրաբյանը:

Նախկին խորհրդային հանրապետություններում Gallup-ի անցկացրած ուսումնասիրության համաձայն, ԱՊՀ պետությունների շարքում սեփական երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկությունը հենց հայաստանցիների մոտ է: Այդ առումով Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը: Եթե Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39%-ը, ապա հարեւան Վրաստանից` 14%-ը, իսկ Ադրբեջանից` 12%-ը:

ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«Փորձենք դիմել մեր տեղական սոցիոլոգիական կազմակերպություն, ասենք` Ահարոն Ադիբեկյանին, վաղը դուք կստանաք 15-17 տոկոս, բայց Gallup-ը, չգիտեմ ինչու, դա սարքել է 39 տոկոս», - ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը:

Նրա խոսքով, այսօր էլ Հայաստանում կա բնակչության տեղաշարժ` արտագաղթ ու ներգաղթ, սակայն թվերը շատ հեռու են Gallup-ի հրապարակած տվյալներից. - «Մեր մոտ ազատ ժողովրդավարական երկիր է, ես այդպես եմ համարում, եւ ցանկություն գնալ ապրել մի այլ երկրում, կամ միառժամանակ ապրել. ես այդտեղ վատ բան չեմ տեսնում: Բայց երբ թվերը սկսվում են արհեստականորեն մեծացվել, դա ես համարում եմ հոգեբանական ճնշում Հայաստանի վրա»:

Զոհրաբյանի ներկայացմամբ` բնական է, որ երկրում իշխանություններից բողոքող որոշակի զանգված մշտապես կլինի, սակայն, ըստ նրա, այդ զանգվածն այսօր մեծաքանակ չէ, իսկ գոյություն ունեցող միգրացիան էլ պայմանավորված չէ իշխանությունների վարած քաղաքականությամբ:

Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով, Gallup-ի հրապարակած թվերը արեւմտյան որոշ ուժերի աջակցությունն է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին. - «Վերջին ելույթները առաջին նախագահի այն մասին էին, որ եթե այսպես գնա պետական քաղաքականությունը, կարող է հայաթափվել Հայաստանը: Սրանով կարծես մի քիչ էլ այդ ջրաղացին է ջուր լցվում»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «տրամաբնությունից զուրկ» բնութագրեց Զոհրաբյանի այդ պնդումը եւ ավելացրեց. - «Փաստ է, որ այսօր մարդիկ իրենց հեռանկարը, իրենց ապագան, իրենց երեխաների ապագան չեն կապում Հայաստանի հետ: Եվ սրանում կոնկրետ մեղավորությունը այս հանցավոր վարչախմբինն է»:

«Շոկային» որակելով Gallup հետազոտական կենտրոնի հրապարակած թվերը` Մուսինյանը որպես պատճառ մատնացույց արեց իշխանությունների վարած քաղաքականությանը. - «Պատճառները երկրում տիրող անարդարությունն է` սկսած քաղաքական ոլորտից, վերջացրած քաղաքացիական, անձնական, տնտեսական, դատական… Այսինքն` այն համատարած անարդարությունը, կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարումը, ընտրությունների տոտալ կեղծումը. այս բոլորը պատճառ են, որպեսզի մարդիկ իրենց հեռանկարը եւ ապագան չկապեն Հայաստանի հետ»:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2009 թվականի «Միգրացիա եւ մարդկային զարգացում» զեկույցի հեղինակներից ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրականությանը բավականին մոտ գնահատեց Gallup-ի ներկայացրած թվերը:

«Ես չեմ տեսնում այսօր Հայաստանում տնտեսական այնպիսի զարգացումներ, որոնք կարող են Հայաստանը ներգրավել այնպիսի աշխատաշուկայի գոտիներում, որտեղ մարդկային բարձր ունակությունները հնարավոր է ռեալիզացնել: Աստիճանաբար Հայաստանում մնալու է այն որակի աշխատուժը, որը ցածրորակ աշխատանքի առաջարկ ունի», - նշեց Թադեւոսյանը:
XS
SM
MD
LG