Մատչելիության հղումներ

Ալյուրի գները աճել են


Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն արդեն տուժել է հացահատիկի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումից:

Ասատրյանի խոսքով, երեկ եւ այսօր ալյուրի գնի կտրուկ աճ է գրանցվել. բարձրակարգ ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը վաճառվում է 9900 դրամով` 700 դրամով ավելի թանկ, քան նախորդ օրերին: Հացի գինը, բարեբախտաբար, մնացել է անփոփոխ:

Բագրատ Ասատրյանը ասաց, որ նման իրավիճակը Հայաստանում կարող է կրկնվել այնքան ժամանակ, քանի դեռ «պետական համակարգը ծառայում է մի խումբ մարդկանց հարստացմանը»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Հացի այսօրվա մատակարարման խնդիրը անպայման կլուծվի: Բայց Հայաստանի բնութագիրը հենց սա է: Ոչ մի բան տեղի չի ունեցել. այն հացը, այն ցորենը, այն ալյուրը կար, հանվել էր վաճառքի, երեկ վաճառվում էր այս գնով, այսօր պետք է վաճառվի այս գնով: Որովհետու Հայաստանում մենք բոլորս` հայ հասարակությունը գերին է մի քանի անհատների, որոնց անունը ուզում եք օլիգարխ տվեք, ուզում եք պետական չինովնիկ տվեք` սրանք են: Մենք բոլորս պարտավոր ենք իրենց վճարել ճիշտ այնքան գումար, ինչքան իրենց պետք է ոչ ամբողջությամբ երջանիկ լինելու համար». – լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ասատրյանը:

Նրա կարծիքով, Հայաստանի նման երկրներում պետությունը պետք է գնա ռազմավարական նշանակության ապրանքների որոշակի պետական պահուստների ձեւավորմանը, ինչը մինչեւ օրս չի արվել: Ասատրյանը փոխանցեց, որ փորձել է ճշտել պետական պահուստների վիճակը, եւ «ստացվել են բավական խղճուկ թվեր` 2 շաբաթվա ինչ-որ պահուստ»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահը, այդուհանդերձ, չբացառեց, որ Ռուսաստանի կառավարության արգելքը Հայաստանի վրա չտարածվի. - «Մեր ծավալները ծավալ չեն` 300-400 հազար տոննա… Գուցե մի խոսակցության ընթացքում էլ այս հարցը լուծվի: Մանավանդ, գիտեք, այստեղ կա ուղղակի շահագրգռվածություն, որովհետեւ մեր պետական պաշտոնյաները ուղղակի այս բիզնեսի մեջ են եւ, հավանաբար, մաս էլ կունենան: Կգնան Մոսկվաներում, պուտինյան կաբինետի, ասենք, «ճ» կարգի մի հատ չինովնիկի հետ գուցեեւ պայմանավորվեն»:

«Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Հայաստան ալյուրի գրեթե կեսը ներկրող «Ալեք Գրիգ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը news.am-ին այսօր ասել է, որ պետության ցորենի պաշարներն էլ են ի պահ հանձնվել իրենց ընկերությանը, քանի որ «Ալեք Գրիգ»-ն ունի համապատասխան պահեստներ: Պաշարները, նրա խոսքով, «շատ-շատ են»: «Մենք պրոբլեմ չունենք: Հայաստանն առանց հացի չի մնա, եւ այդ ուղղությամբ անհանգստանալու կարիք չկա», - ասել է Ալեքսանյանը` շարունակելով. - «Մենք բավականաչափ ներկրել ենք: Հացը մինչեւ ձմեռ կհերիքի: Իսկ մնացածն էլ, եթե Ռուսաստանը թույլ չտա, այլ երկրներից կբերենք, օրինակ` Եվրոպայից կամ Ամերիկայից: Այդ դեպքում ալյուրը կթանկանա` կապված տրանսպորտային ծախսերի մեծացման հետ»:

Երեւանի խանութներում եւ կրպակներում այսօր հացի գները անփոփոխ էին մնացել` թերեւս այն պատճառով, որ գործարաններում հացը թխվում է նախկին գներով ձեռք բերված ալյուրից:

Հացամթերքի փոքր արտադրամասերը, մինչդեռ, ալյուրը գնում են փոքր ծավալներով: Այդպիսի մի արտադրամասի սեփականատեր Ռաֆիկ Տեր-Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ես քիչ եմ առնում: Ես օրական առնում եմ 3-4 պարկ [ալյուր] ու 4-5 օր աշխատում եմ: Սրանից 3 օր առաջ առել եմ առաջին տեսակի ալյուր 8500-ով, այսօր ինձ ասացին` 9500: 1000 դրամ 3 օրվա մեջ որ թանկացավ, բա հետո՞ ինչ է լինելու…»:

Նրա կարծիքով, նման պայմաններում հացի հերթական թանկացումն անխուսափելի է. - «Եթե ես այսօր արտադրություն եմ կազմակերպել ու ինձ հետ միասին ապրում է նաեւ 2-3 ընտանիք, եթե չթանկացնեմ, պիտի փակեմ: Եթե փակեցի այդ արտադրությունը, ուրեմն այդ 3 ընտանիքն էլ այդ բարակ աղբյուրից կզրկվեն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG