Մատչելիության հղումներ

Բոդրումում հանդիպում են թուրքալեզու երկրների արտգործնախարարները


Տեսարան Բոդրում քաղաքից

Տեսարան Բոդրում քաղաքից

Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Բոդրում քաղաքում բացվել է թուրքալեզու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական ժողովը:

Հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի արտգործնախարարները։ Նրանց հրավիրել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի օրն է մեկնել Բոդրում, որտեղ քննարկվելու են տարածաշրջանի իրավիճակի, էներգետիկայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները։

Բացի այդ, հատուկ անդրադարձ կլինի Ղրղըզստանին, որտեղ անցած ամիսների ընթացքում երկրի հարավային շրջաններում ազգամիջյան բախումների եւ զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվեցին մեծ թվով մարդիկ, հիմնականում ուզբեկներ, ովքեր այդ տարածքում ազգային փոքրամասնություն են։ Նախարարները կքննարկեն Ղրղըզստան մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը:

Ուշագրավ է, որ Ուզբեկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը Բոդրում չի մեկնում: «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության փոխանցմամբ` Ուզբեկստանի բարձրաստիճան պաշտոնյաները մինչ այդ էլ մի քանի անգամ անտեսել են թուրքալեզու երկրների հավաքները:

Թուրքական Zaman պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ստորագրել է որոշում թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին: Մինչ այդ նման որոշումներ են ստորագրել Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահները:

Ըստ Zaman-ի` Թուրքիայի նախագահի այդ որոշումը քայլ է «թուրքական ՄԱԿ» ստեղծելու ուղղությամբ:

Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի ղեկավարները նման խորհուրդ ստեղծելու որոշումը ընդունել են 2009 թվականին Նախիջեւանում տեղի ունեցած թուրքալեզու երկրների 9-րդ գագաթնաժողովում:

Թուրքական խորհրդի քարտուղարությունը մշտապես տեղակայված է լինելու Անկարայում: Կառույցի գլխավոր քարտուղարին հերթագայության կարգով առաջադրելու են անդամ երկրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG