Մատչելիության հղումներ

Օգոստոսի 6-ի մամուլ


«Ժամանակ» թերթին տված հարցազրույցում մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե առաջիկա ընտրությունները պետք է լինեն «երեք նախագահների եռանկյունուց դուրս»` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանն ասում է. - «Ես կարծում եմ, որ ինքնըստինքյան այդպես է լինելու: Ես չեմ կարծում, թե Տեր-Պետրոսյանը այժմ թեկնածու է: Ես Տեր-Պետրոսյանին ճանաչելով եւ հասկանալով գիտեմ, որ նա վերադարձել է ոչ թե վերստին նախագահ դառնալու համար: Նրա համար խնդիր կար ձերբազատվելու այս համակարգից, ավելի պատկերավոր ձեւակերպումն այն էր, որ պետք է մաքրել Ավգյան ախոռները: Քանի որ այդ փորձը, ըստ էության, ձախողվեց (ժամանակի մեջ է ձախողվել, սակայն հեռանկարային իմաստով տակավին անելիք ունենք), ես չեմ կարծում, որ այսօր Տեր-Պետրոսյանը թեկնածու է: Ես այն կարծիքին եմ, որ ոչ միայն եռանախագահների շրջանակից չպետք է լինի այդ նոր թեկնածուն, այլ ընդհանրապես մինչ օրս քաղաքական գործչի համբավ ունեցողների շրջանակից դուրս պիտի լինի: Նոր դեմք է պետք: Ես շատ կուզեի եւ ճիշտ կլիներ, որ նոր դեմք լիներ: Ասեմ ավելին` անհատների մեջ մեր փրկությունը տեսնելու ժամանակներն անցել են: Կարծում եմ` ճիշտ չէ այդպես շարունակելը, մենք սրանից հետո ոչ թե առաջնորդի պետք է փնտրենք, այլ պետք է փնտրել առաջնորդող խմբի: Եվ այդ խմբում գուցե լինեն մի քանի թեկնածուներ»:

«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Վերջերս բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների գնահատականներում կա երկու` հավասարապես մերժելի ծայրահեղություն: Ըստ առաջինի` ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, սովորական միջադեպեր են, որոնք կատարվում են բոլոր երկրների զինված ուժերում: Երկրորդ ծայրահեղությունն այն է, որ այդ միջադեպերը լավ առիթ են ավազակապետերի հրաժարականը պահանջելու եւ իշխանափոխության կոչեր անելու: Միջադեպերն, անշուշտ, սովորական ու շարքային չեն, եւ նրանք, ովքեր ուզում են այս գործերը «ջրել» եւ «հայրենասիրական դրդումներից» իրողությունը թաքցնել, հենց իրենք են մեր պետության ու բանակի առաջին թշնամիները: Ի դեպ, կարծում եմ, որ այդ ստերի կամ կիսաճշմարտությունների պատճառը բացարձակապես հայրենասիրությունը չէ. սովորական կոռուպցիա է եւ հանցագործ շրջանակներում ընդունված` «իրար ծածկելը»»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Թուրքական երաժշտական ընկերությունները որոշել են հայ երգահան Ռուբեն Հախվերդյանից ստանալ իր երգերի հեղինակային իրավունքը, եւ դրանք տարածել Թուրքիայում: Հախվերդյանը հարցազրույց էր տվել թուրքական թերթին` ասելով, որ հայկական մշակույթը ամբողջությամբ թուրքականի ազդեցությունն է, հայերը գողանում են թուրքական երգերը»: «Ես ինձ օտարացած եմ զգում Երեւանում ու Երեւանի բնակիչներից: Ես կգերադասեի շփվել մի ինտելեկտուալ թուրքի հետ, քան տգետ հայի հետ», - հարցազրույցում ասել էր երգահանը: Այս առիթով Ռուբեն Հախվերդյանը «Հայկական ժամանակ»-ին ասում է. - «Եթե թուրքերը կարող են որակով ներկայացնել իմ երգերը, ինչո՞ւ ոչ, թող վերցնեն: Եթե ռուսները կարող են իմ երգերը կատարել, սերբերը կարող են, ինչո՞ւ թուրքերը չկատարեն: Ես այդ հարցազրույցում ասել եմ, որ ինձ համար կարեւոր է մարդ արարածը, նրա հատկությունները: Ազգայնականությունը սխալ բան է: Ասել եմ, որ հայերը գողանում են թուրքական երգերը: «Սեւ-սեւ աչերը» ո՞ւմ երգն է: Թուրք Իբրահիմի: Ճիշտ եմ ասել, ասածիս տեր եմ»: Թերթի հարցին, թե գործընկերները, երգիչները ինչպես են արձագանքել իր ասածներին, Հախվերդյանը պատասխանում է. - «Իմ ասածներից կարող է նեղանալ այն մարդը, որը հեռու է ճշմարտությունից, իր անձնական կարիքներն է լուծում: Ես ոչ մի բան չեմ լուծում, ես ինչո՞ւ պետք է վախենամ: Աստված մեծ է, ինքը վերեւից տեսնում է ով ինչ է ասում: Ես որեւէ հարցում` քաղաքական թե տնտեսական, իմ ընտանեկան թե կենցաղային հարցերում երբեք սուտ չեմ ասել, ու կարեւոր չէ, թե ով ինչ է մտածում իմ մասին: Ասել եմ այն, ինչը պետք է վաղվա սերնդին, որ հասկանան, որ զարգացած մարդն ավելի լավն է, քան տգետը, ու կապ չունի, թե նա ինչ ազգի է: Կարեւորը` չգողանաս, չխաբես: Հայերը գողանում են թուրքական երգերը ու ոռնում են հայերեն լեզվով: Բողոքելու իրավունք չունե՞ն թուրքերը»:

«Կապիտալ» թերթը գրում է. - « Հայաստանի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի անկատարությունը հանգեցրել է նրան, որ սպառողական ապրանքների մի շարք շուկաներում գերիշխող դիրք ունեցող եւ «տեղական» օղու արտադրությամբ զբաղվող «Ալեքս Գրիգ» ընկերությունը գերադասում է ոչ թե ստեղծել ու կայացնել սեփական ապրանքանիշները, այլ նմանակել հայտնի ապրանքանիշները, թեկուզ եթե դրա համար պահանջվում է ժամանակ առ ժամանակ տուգանք վճարել։ Օղու շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Ալեքս Գրիգ» ընկերությունը նմանակել է Հայաստանում վաճառվող օղու բազմաթիվ հայտնի ապրանքանիշներ, ինչի համար պարբերաբար տուգանվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից։ Օրենքով սահմանված տուգանքի չափը` 500 հազար դրամ, այնքան չնչին է, որ ընկերությունը բոլորովին էլ նպատակ չունի հրաժարվել իր որդեգրած գործելաոճից»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG