Մատչելիության հղումներ

Թենիսի կորտը հայկական եկեղեցու է վերածվել


Թենիսի կորտը վերածվել է ընտանեկան հայկական եկեղեցու, որի շուրջ վիճաբանությունը շարունակվում է դատական ատյաններում:

Kansas City Star-ի փոխանցած պատմության հերոսը` Չիկագոյի բանկի նախկին գործադիր տնօրեն Ջորջ Մայքլն ասում է, որ պարզապես ցանկացել է իր վատառողջ եւ աստվածավախ կնոջը ապահովել աղոթատեղիով եւ դրա համար լճի ափին գտնվող իր առանձնատան թենիսի կորտը վերածել է հայկական եկեղեցու։ Իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ եկեղեցի հիմնելով` Մայքլը պարզապես ցանկանում է խուսափել հարկերից։

Սկզբում նա իրոք ազատվել է հարկ վճարելուց, բայց հետո այդ արտոնությունը չեղյալ է համարվել, ու այս վերջին որոշման դեմ Ջորջ Մայքլը դաշնային դատարան հայց է ներկայացրել Լեյք Բուֆ գյուղի եւ պետական պաշտոնյաների դեմ` պահանջելով ավելի քան 10 միլիոն դոլար եւ պնդելով, որ իր ընտանիքը հետապնդվում է, քանի որ իրենք հայ են։

«Կարծում եմ, նրանք չեն ցանկանում որեւէ ուրիշ բան լինի Լեյք Բլուֆում` բացի անգլոսաքսոնականից», - ասել է Մայքլը։

Իշխանությունները պնդում են, որ եկեղեցի հիմնելու պատրվակով նա ցանկանում է խուսափել տարեկան 80 հազար դոլար հարկ վճարելուց։ Լեյք Քանթրիի հարկահավաք Բոբ Սկիդմորի վկայությամբ, մասնավորապես, Մայքլը 2007 - 2009 թվականների համար ավելի քան 239 հազար դոլար պարտք ունի` այդքան հարկ չի վճարել, ու այս տարվա հունիսին էլ բաց է թողել առաջին կիսամյակի վճարումները։

Չիկագոյի դաշնային դատարան հունիսին ներկայացված հայցը կազմված է 78 էջից։ Ջորջ Մայքլը հայցում նկարագրում է, որ իր ընտանիքը հանգիստ է փնտրում ընտանիքի հիվանդ անդամի համար. նրա կինը` Սյուզան Մայքլը հիվանդ է սկլերոզով։

Մայքլը իր թենիսի կորտը հայկական եկեղեցի է դարձրել 2007 թվականին ու կրոնական արարողություններ անցկացրել իր ընտանիքի ու նաեւ եղբոր` Ռոբերտ Մայքլի համար, որը, ըստ դատական գործի, նույնպես հայցվոր է։

Ընտանիքը շարունակում է տանը կատարել կրոնական արարողություններ, ասում է Մայքլը, որը հոգեւորական է պատվիրում ինտերնետով։

Իլինոյս նահանգի եկամտահարկերի դեպարտամենտը սկզբում հաստատել է հարկերից ազատելու դիմումը, բայց 2009-ի հուլիսին դատարանը լրիվ հակառակ որոշում է կայացրել, եւ այս որոշումը վերջերս նորից հաստատվել է դատարանով։

Մայքլն իր հայցում պնդում է, որ տեղական չինովնիկները իր դեմ գաղտնի, դավադիր համաձայնության են եկել, որպեսզի չեղյալ համարեն հարկերից ազատելն ու փակեն եկեղեցին։

Մայքլն ասում է, որ իրենք զգում են շրջապատի անբարյացկամ վերաբերմունքը: Նա հայտարարում է եւ իր հայցում պնդում, որ ինչ-որ մեկն էթնիկ ծագման վերաբերյալ անթույլատրելի արտահատություն է արել իր աղջիկների հասցեին, երբ ինքը նրանց իջեցրել է դպրոցում։

Բայց տեղական իշխանության ներկայացուցիչները հերքել են Մայքլի մեղադրանքները` պնդելով, որ նա անախորժություններ ունի օրենքի հետ, բազմիցս խախտել է տեղական, մունիցիպալ կարգը, իսկ եկեղեցի հիմնելը, ըստ նրանց, եւս մի փորձ է` խուսափելու սեփականության համար հարկեր վճարելուց։

Իսկ Ջորջ Մայքլն ասում է, թե հոգնել է պայքարից ու ցանկանում է 8 միլիոն 300 հարյուր հազար դոլարով վաճառել իր տունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG