Մատչելիության հղումներ

Երեւանի կենդանաբանական այգին կհամալրվի նոր կենդանիներով


Երեւանի կենդանաբանական այգու մուտքը

Երեւանի կենդանաբանական այգու մուտքը

Մինչեւ հոկտեմբերի վերջը Երեւանի կենդանաբանական այգին կհամալրվի կենդանիների նոր տեսակներով` կապիկ, եղջերու, այծեղջյուր, կենգուրու եւ եգիպտական թռչող շնիկներ: Վերջիններս Երեւան կժամանեն ուկրաինական կենդանաբանական այգու հետ փոխանակման արդյունքում:

Այգուն հատկացվող տարեկան դոտացիան 187մլն դրամ է, որը, ըստ տնօրեն Սահակ Աբովյանի, հատկացվում է ժամանակին, բայց չի ծածկում անգամ ընթացիկ ծախսերը: Ուստի այգին նոր կենդանիներով համալրելու համար փոխհամաձայնության պայմանագիր է կնքել ուկրաինական Նիկոլաեւ քաղաքի կենդանաբանական այգու հետ:

Երեւանի կենդանաբանական այգու փիղը

Երեւանի կենդանաբանական այգու ամենաապահով կենդանին փիղն է, որը հովանավոր ունի, իսկ 9 առյուծները զրկվել են իրենց հովանավորից: Այգում ամենաարագ բազմացող կենդանիներից են հենց առյուծները: - «Մեր այգուն 2-3 առյուծն էլ բավարար է, ծրագիր կա, որ առյուծներ հավաքենք ու փոխանակենք փղի հետ», - նշեց այգու տնօրենը:

Սահակ Աբովյանը պատմեց, որ Չեխիայի կենդանաբանական այգին իրենց մեկ զեբր է նվիրել, բայց տեղափոխման ծախսերի պատճառով այն առայժմ Հայաստան չի բերվել

Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը

Կենդանաբանական այգու տնօրենը չհերքեց, որ որոշ կենդանիների վանդակներից տհաճ հոտ է տարածվում, ինչը բացատրեց «40 աստիճան ջերմաստիճանի պայմաններում կենդանիների վանդակներում բետոնի հատակի առկայությամբ, որը դժվար է մաքուր պահել»:

2011-ին կլրանա Երեւանի կենդանաբանական այգու 70 ամյակը: Այսօր այգին ունի 215 անուն կենդանի, որոնց թիվն անցնում է 2300-ը, իսկ այցելուների թիվը հասնում է տարեկան 150-160 հազարի, թեեւ այս տարի որոշ չափով նվազել է:

Տնտեսական ճգնաժամի հետեւանքով սառեցվել է կենդանաբանական այգու վերակառուցման` կառավարության ծրագիրը: Տնօրենը կարծում է, որ մինչեւ գալիք տարեվերջ կառավարության` 2մլն դոլարի շինարարական աշխատանքները կսկսվեն:

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիր ունի նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որով նախատեսվում է այգում կառուցել վայրի կենդանիների եւ վայրի բնության ուսումնասիրման մասնագիտացված քոլեջ, որը միակը կլինի Անդրկովկասում:

XS
SM
MD
LG