Մատչելիության հղումներ

Global Post-ը գրում է Կայսերիի հայկական եկեղեցու մասին


Global Post-ի հրապարակումը
Global Post-ի հրապարակումը

Global Post միջազգային ինտերնետային պարբերականը անդրադարձել է Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատմությանը` հիշատակելով նաեւ Հայոց ցեղասպանությունը:

Կայսերի քաղաքի մեկ քառորդը հայկական թաղամաս է եղել, անցած դարասկզբին այստեղ 400 հայ ընտանիք է ապրել, Հայոց ցեղասպանության տարիներին փրկվածները փախել են քաղաքից, տները լքված են, դատարկ կամ վերաբնակեցված ուրիշ մարդկանցով: Այս ամենը հիշեցնում է նախկին թշնամությունն ու բռնությունները, բայց քաղաքի կենտրոնում 900-ամյա հայկական եկեղեցին վկայում է Թուրքիայում հայերի պատմության բարեկեցիկ օրերի մասին, - գրում է Global Post-ը` նշելով, որ Կայսերիի եկեղեցին Անատոլիայի գործող եզակի եկեղեցիներից մեկն է. ամբողջ Անատոլիայի տարածքում հայկական ընդամենը 7 եկեղեցի է գործում, որոնցից մեկը Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։

Այս տարածաշրջանում ժամանակին բնակված հայերի ժառանգները հիմա փորձում են վերանորոգել պատմական հիշողություններն ու 900-ամյա եկեղեցին։

Global Post-ը զրուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամի տնօրեն Կարպիս Բեգդետի հետ: Վերջինս պատմում է, որ երբ եկել են Կայսերի, հին հարեւաները հարցրել են` ինչո՞ւ են հեռացել, ինչո՞ւ չեն վերադառնում։ «Նրանցից շատերն ասում էին, որ ուրախ կլինեն, եթե մենք վերադառնանք», - ասել է նա։

Նրա խումբը վերանորոգել է եկեղեցու հին որմնանկարները, արձանները, նստարաններ է տեղադրել: Անցած նոյեմբերին այստեղ պատարագ է մատուցվել` Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանից հետո հայերի խմբերը պարբերաբար այցելում են Կայսերի. նրանք գալիս են Ստամբուլից, Հայաստանից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից:

Սիլվա Մինասյանը, որի տատը Կայսերիից է, ասում է. - «Այստեղ գտնվող այս միակ եկեղեցին շատ խորհրդանշական է մեզ համար: Մենք ցանկանում ենք պահպանել այն որքան հնարավոր է երկար, որքան մենք կարող ենք, որովհետեւ այն ցույց է տալիս, որ այստեղ քրիստոնյաներ են ապրել»։

Նա, ինչպես նշում է Global Post-ը, մեծացել է Ստամբուլում, Թուրքիան նրա հայրենիքն է, իր մոր հետ խոսում է թուրքերեն եւ թուրք ժողովրդի նկատմամբ ատելություն չունի:

«Մեր վերաբերմունքը այնքան ուժեղ չէ, ինչպես մյուս հայերինը, որոնց ընտանիքները անցել են աղետների ու դժբախտությունների միջով եւ փախել են այլ երկրներ։ Մենք երբեք չենք իմացել այդ պատմության մասին, քանի որ մեր ծնողները այդ մասին երբեք չեն խոսել մեզ հետ», - ասել է Սիլվան Մինասյանը:

Բեգդետը նույնպես ապրում է Ստամբուլում, բայց նրա հիմնադրամը վճռական է` պահպանելու համար նախնիների հայրենիքի պատմության մասը։ Նա հավատում է, որ Կայսերիի եկեղեցին կարող է ծառայել սերունդներին` հիշեցնելու համար քաղաքի հայկական պատմությունը։ Բեգդետն ասել է, որ Թուրքիայի կառավարությունը չի խոչընդոտում իրենց խմբի ջանքերին` վերադարձնելու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երբեմնի փառքը:

Հարյուրամյակներով Կայսերիի եկեղեցին համարվել է Հայ Առաքելական եկեղեցու կարեւոր սրբատեղիներից մեկը, աթոռանիստ եկեղեցի։ Համարվում է, որ այս եկեղեցին հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Կայսերիի հայկական եկեղեցում տարին չորս անգամ պատարագ է մատուցվելու, եւ մոտավարապես 300-400 հայեր կաղոթեն այս պատերի ներսում, ինչպես նրանց նախնիները հազարամյակների ընթացքում, գրում Global Post-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG