Մատչելիության հղումներ

Ռասիմ Մուսաբեկով. «Դեսպանի նշանակման ձգձգումից առաջին հերթին ԱՄՆ-ն է տուժում»


Ռասիմ Մուսաբեկով

Ռասիմ Մուսաբեկով

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման գործընթացի ձգձգումից առաջին հերթին Միացյալ Նահանգներն է տուժում:

Ըստ փորձագետի, պաշտոնական Բաքվին դա շատ չի անհանգստացնում: «Սա, վերջիվերջո, Ադրբեջանի հարցը չէ: Մենք ունենք Վաշինգտոնում մեր դեսպանը, որի միջոցով Պետդեպարտամենտի հետ մեր խնդիրները մենք լուծում ենք: Բաքվում դեսպանի բացակայությունը, ըստ էության, սահմանափակում է Ամերիկայի հնարավորությունները Ադրբեջանի իշխանություններին սեփական ցանկություններն ու տեսակետները հասցնելու հարցում», - ասաց նա:

Ադրբեջանցի քաղաքագետը կարծում էր, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Մեթյու Բրայզայի հաստատման հարցով նշանակված քվեարկությունը հետաձգելը դեռ չի նշանակում, որ նա չի դառնա Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը: Վկայակոչելով ընթացակարգը, որը Միացյալ Նահանգների նախագահին իրավունք է տալիս սենատորների մեծամասնության կարծիքը հաշվի առնելով` նշանակել դեսպանին, Ռասիմ Մուսաբեկովը հնարավոր է համարում նաեւ այս տարբերակը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերվում ամերիկահայ կազմակերպությունների հնչեցրած մտահոգություններին, ըստ որոնց, մասնավորապես, Բրայզան չի կարող անաչառ դեսպան լինել եւ ադրբեջանամետ դիրքորոշում չունենալ, ադրբեջանցի փորձագետը արձագանքեց. - «Ադրբեջանում նշանակվող դեսպանը չի կարող ունենալ դիրքորոշում, որը բացարձակապես անընդունելի լինի ադրբեջանական հանրության համար: Նաեւ Հայաստանի պարագայում է այդպես. Հայաստան գործուղվող դեսպանն էլ, բնականաբար, պետք է հայ հասարակության համար քիչ թե շատ ընդունելի լինի»:

Իսկ Ադրբեջանի կոռումպացված իշխանությունների հետ Մեթյու Բրայզայի սերտ հարաբերությունների մասին ներկայացվող փաստարկները Ռասիմ Մուսաբեկովի համար համոզիչ չեն:

Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ` Ռովշան Իբրահիմովը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ դեսպանի նշանակման գործընթացի ձգձգումը որեւէ ազդեցություն չունի պաշտոնական Բաքվի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վրա:

«Արդեն մեկ տարուց ավելի Ադրբեջանում ԱՄՆ-ը դեսպան չունի, բայց վերջին երկու ամիսներին ամերիկյան կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Ադրբեջան` պաշտպանության նախարարն ու պետքարտուղարը: Այսինքն, չի կարելի ասել, որ դեսպան չնշանակելը բացասաբար է անդրադառնում մեր հարաբերությունների վրա: ԱՄՆ-ի քաղաքական ուղեգիծն այսօր կենտրոնացված է Աֆղանստանի, Իրանի, Իրաքի վրա, այդ պատճառով էլ մեր տարածաշրջանը տվյալ դեպքում երկրորդ պլանում է», - կարծում է Իբրահիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG