Մատչելիության հղումներ

Օգոստոսի 5-ի մամուլ


«Առավոտ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված համոզմունքը, թե ՀԱԿ-ը, ու մասնավորապես, ՀՀՇ-ն չեն կարող հայտնվել խորհրդարանում` իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանում է. - «Որովհետեւ իրենք չեն կարողանում հասկանալի դառնալ հասարակության մեջ: Հասարակության մեջ մի զանգված կա, որն ընդդիմադիր կեցվածք ունի եւ այդ զանգվածը շատ պատահականորեն ձայն կտա որեւէ ընդդիմադիր ուժի: Բայց դա այն ընդդիմությունը չէ, որը պետությանը անհրաժեշտ է: Մեզ անհրաժեշտ է ընդդիմությունը, որը կկարողանա բանավիճել, երկխոսության գնալ, կկարողանա վերհանել հասարակության մեջ առկա թերությունները, պարտադրել իշխանություններին, քննարկել իշխանության հետ: Իրական ընդդիմությունը դա է: Այդ պատճառով ասում եմ, որ այս երկու տարում կարծես ընդդիմություն հասկացությունը մոռացվում է հասարակության մեջ: Կա ընդդիմությունը, որը կկարողանա հայհոյել, իշխանություն պահանջել, բայց դա այն ուժը չէ, որը կկարողանա ապահովել մեր երկրի հետագա դրական զարգացումները»: Մինչդեռ Դաշնակցության եւ «Ժառանգության» կապակցությամբ Սահակյանը նկատում է. - «Ուզում եմ լրիվ առումով Դաշնակցությանը առանձնացնել: Նույնիսկ ծիծաղելի է Դաշնակցության եւ «Ժառանգության» համեմատությունը: Դաշնակցությունը ընդդիմադիր է ընդհանուր առմամբ, եւ դա դրական եմ գնահատում: Նա պնդում է իր գաղափարախոսությունը հասարակության մեջ, դրանով օրվա կամ տարվա խնդիր չի լուծում, ավելի հեռահար նպատակներ ունի: Մենք ընդունենք կամ չընդունենք, իրողությունը դա է: Մի փոքր չեմ կարողանում կանխորոշել «Ժառանգության» դերակատարումը, որովհետեւ ինքը կռվում է բոլորի հետ, ինքը կռվում է ինքը իր մեջ»:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է» դասական խոսքը ժամանակ առ ժամանակ նյութական արտահայտություն է ստանում Հայաստանում: Բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ հանրային բուռն քննարկումներն ըստ այդմ նոր կորով են հաղորդել պրոֆեսիոնալ հայրենասերներին: Նրանք սկսել են աղաղակել, որ Չայլուի, Չինարիի, Մարտունիի միջադեպերի կապակցությամբ բանակը քննադատողները ազգային դավաճանություն են գործում: Այսօրինակ պնդումների հեղինակների տրամաբանությամբ փաստորեն դավաճանություն չգործելու միակ տարբերակը լռելն ու համակերպվելն է մնում այնպիսի փաստերի հետ, ինչպիսիք ոչ կանոնակարգային հարաբերություններն են բանակում, ինքնասպանություն որակվող սպանությունները, հայ զինվորի որդնած դիակների «առաքումը» ծնողներին: Պրոֆեսիոնալ հայրենասերների ձայնը տաք տեղից է դուրս գալիս. նրանց բալեքին չեն խոշտանգում, ջարդուփշուր չեն անում, կյանքից չեն զրկում: Կան նաեւ այնպիսիք, որոնք բավարար փոխհատուցում են ստացել իրենց երբեմնի կորուստների համար եւ մտածում են, որ ուրիշները իրենցից լավը չեն, որ խուսափեն նույնատիպ կորուստներից: Ու հիմա փաստորեն պնդում են, թե լռությունը Հայոց բանակի նկատմամբ միակ հայրենասիրական վերաբերմունքն է: Սրանով կանխում են իրենց ուղղվելիք պոտենցիալ հարցը, թե ինչու են լռել եւ ինչու են լռում»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարաբերությունների եւ հատկապես միմյանց նկատմամբ վերաբերմունքի մասին մամուլի հրապարակումները մի շատ հետաքրքիր օրինաչափություն ի հայտ բերեցին: Քողազերծեցին իշխանության կուլիսներում տիրող իրականությունը: Պարզվեց` մարդիկ, որոնք մի թիմում են աշխատում, նույն կառավարության անդամներն են, եւ թվում է` պետք է համախոհներ լինեն կամ էլ գոնե քաղաքակիրթ պոզիտիվ հարաբերություններ ունենան, իրար ատում են: Այնպես են ատում, որ նախկին մարզպետը ոստիկանապետի երեսից պատրաստվում է գաղթել երկրից: Այսինքն, բավական է մեկն ու մեկը պաշտոնից զրկվի, եւ ներկառավարական ամբողջ կեղտը ջրի երես է ելնում: Այս միջադեպից դժվար չէ կռահել, թե մեր մյուս պաշտոնյաներն ինչ են զգում միմյանց նկատմամբ, եւ ինչքան ատելություն ու չարություն կա կուտակված նրանց ներսում»:

Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ, Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «ժամանակ» թերթին տված հարցազրույցում անդրադառնում է Ադրբեջանին C-300 համալիրներ վաճառելու Մոսկվա – Բաքու հավանական գործարքին: Հարցին, թե ինչով է այս գործարքը մեզ սպառնում, Մայիլյանը պատասխանում է. - «Եթե այդ գործարքն իսկապես տեղի ունենա, ապա այն բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում ուժերի դասավորվածության վրա: Այս համակարգերը դասվում են պաշտպանողական սպառազինությունների շարքին եւ կարող են սահմանափակել մեր հնարավորությունները հակառակորդին հակահարված տալու հարցում` եթե հանկարծ Ադրբեջանի մտքով անցնի վերսկսել ռազմական գործողությունները: Այսինքն` ստանալով C-300-ը` Ադրբեջանը ավելի քիչ խոցելի կլինի, եւ այդ ինքնավստահությունը կարող է դրդել Ադրբեջանին ավելի ագրեսիվ գործողությունների»:

«Կապիտալ»-ը գրում է. - «2008 թվականի կեսերին, երբ վարչապետը խորհուրդ էր տալիս չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի այն շրջանցի Հայաստանը, իսկ կառավարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, թե ճգնաժամը մեզ կշրջանցի, մեր անշարժ գույքի շուկան առաջինն էր, որ ճգնաժամի նշաններ էր ցույց տալիս: Անշարժ գույքի օտարման գործարքների թիվը հաստատուն տեմպերով ու կտրուկ սկսեց նվազել 2008 թվականի օգոստոս ամսից սկսած, մինչդեռ այն ժամանակ ՀՆԱ-ն դեռ շարունակում էր աճ գրանցել եւ միայն տարվա վերջին եռամսյակում անկում արձանագրեց: Անշարժ գույքի շուկայում գործարքների թվի նվազումը շարունակվեց նաեւ 2009 թվականին: Բայց արդեն 2010 թվականի առաջին կիսամյակում երկնիշ աճ է արձանագրվել օտարման (այդ թվում` առքուվաճառքի) գործարքների գծով, ինչը, ըստ էության, նշանակում է, որ անշարժ գույքի շուկան դուրս է եկել ճգնաժամից»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG