Մատչելիության հղումներ

Բրայզայի նշանակումը հետաձգվեց


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը հետաձգվել է. հայամետ սենատորները առկախել են հարցի շուրջ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` երեքշաբթի նշանակված քվեարկությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, հարցի քննարկումը արգելափակելու նախաձեռնությամբ է հանդես եկել դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը: Օրակարգում ընդգրկված մյուս` ավելի քան երեսուն երկրներում ԱՄՆ-ի դեսպանների նշանակումը, մինչդեռ, արժանացել է հանձնաժողովի անդամների լիակատար հավանությանը:

Ավելի վաղ` հուլիսի 22-ին հանձնաժողովում կայացած քննարկումից հետո, Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին, սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը եւ Ռոսս Ֆեյնգոլդը գրավոր հարցեր էին առաջադրել Մեթյու Բրայզային: Վերջինս, սակայն, Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, խուսափողական եւ ոչ լիարժեք պատասխաններ էր տվել, ինչից հետո Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը անձամբ նամակ էր հասցեագրել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին` հարցեր բարձրացնելով Բրայզայի նշանակման շուրջ եւ կոչ անելով ուշադրությամբ քննել նրա թեկնածությունը:

Ամերիկացի օրենսդիրներին ու ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններին, մասնավորապես, մտահոգում են Բրայզայի կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ, նրա նախկին գործունեությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, ինչպես նաեւ կնոջ` թուրք լինելու հանգամանքը: Լոբբիստները պնդում են, թե Բրայզան չի կարող անկողմնակալ եւ չեզոք դիրքորոշում որդեգրել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

Հեղինակավոր Foreign Policy հանդեսի հաղորդմամբ, Բրայզայի թեկնածության շուրջ քվեարկությունը կարող է տեղի ունենալ մեկ ամսից` հանձնաժողովի` սեպտեմբերին կայանալիք նիստում: Մի շարք վերլուծաբաններ, սակայն, կարծիք են հայտնում, թե քննարկումը կարող է է՛լ ավելի հետաձգվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշնանը ԱՄՆ-ում տեղի են ունենալու ընտրություններ` Սենատի 100 տեղերից առնվազն 36-ի համար, եւ նախընտրական թեժ արշավում երկու քաղաքական ուժերն էլ փորձելու են շահել հայկական լոբբիի վստահությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG