Մատչելիության հղումներ

Օգոստոսի 4-ի մամուլ


Հայաստանի առաջին նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում վերլուծում է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության վերջին դրսեւորումները. - «Ռուսաստանը մտավախություն ունի, թե արեւմտյան ազդեցությունների արդյունքում կարող է կորցնել Հայաստանը»: Խնդիրը հենց այս դիրքերից գնահատելով` Մանուչարյանն ասում է. - «Ռուսական պետությունը շատ մեծ դեր է խաղացել այսօրվա Հայաստանի իշխանության եւ մեծ չափով նաեւ քաղաքական էլիտայի հաջողակ մասի կայացման մեջ: Ռուսաստանը շատ մեծ դեր խաղաց 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններում եւ հետո նախագահական ընտրություններում միջամտություն իրականացրեց: Եվ հիմա Ռուսաստանը համարում է, որ այդ մարդիկ շատ երախտամոռ են: Եթե ուզում եք այդ հարցը ուսումնասիրել, ուրեմն հարցին պետք է շատ ավելի խորը նայել: Հենց նույն C-300-ի վաճառքը շատ վտանգավոր գործարք է Հայաստանի համար: Հայաստանը ունի զինատեսակներ, որոնք մեր եւ Ադրբեջանի հարաբերությունների շրջանակում խաղում են, ռազմական լեզվով ասած` զսպող զենքի դեր: Որպես կանոն, այդպես ասում են միջուկային զենքի մասին, երբ զենքը երբեք չի կիրառվում, բայց մեկն իմանալով, որ ես այդպիսի զենք ունեմ, ինձ հետ հարաբերություններում ավելի զգույշ է: Մենք էլ ունենք զինատեսակներ, որոնք պայմանականորեն կարելի է այդպես անվանել` Ադրբեջանի հետ հարաբերություններում: Եվ ահա, C-300-ը չեզոքացնում է մեր այդ զենքը: Այսինքն` ռուսական կողմը շատ լավ դա իմանալով` այդ զենքը վաճառում է Ադրբեջանին` այդպիսով Հայաստանը դեպի Արեւմուտք ուղղորդող շրջանակների, փաստացի, հակառուսաստանյան շանտաժին հակադրելով սեփական շանտաժը: Եվ այդ քայլը շատ մեծ հետեւանքներ է ունենալու: Եթե այդ քայլը Ռուսաստանը կատարեց, Հայաստանի անվտանգության համար միակ լուրջ երաշխիքը այլեւս դառնում է Ռուսաստանը, որն իր վրա է փաստորեն վերցնում այդ զսպող զենքի դերը: Հենց այդ համատեքստում է, որ Ռուսաստանն այսօր արդեն ասում է` եկեք 50 տարվա պայմանագիր կնքենք, բայց արդեն ձեր երաշխիքը կլինի ոչ թե ձեր ունեցած զինատեսակի, այլ միայն իմ հզորության հաշվին»:

«Հրապարակ»-ը մեկնաբանում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե «այսօր ՀՀ սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որ կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, եւ մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը»: «Մեր սահմանային ենթակառուցվածքները, սահմանային անցակետերը, ցավոք, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք ունենք լրջագույն խնդիրներ», - հավելել էր Բաղդասարյանը: Թերթը մեկնաբանում է. - «Երբ նման հայտարարություն է անում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, նորմալ է, իսկ երբ այսպիսի հայտարարությամբ հանդես է գալիս ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, դա արդեն սկանդալ է՝ երկրի անվտանգության համակարգերին տրված գնահատական»: Հոդվածագիրն այնուհետեւ նշում է. - «Երեկ մենք Անվտանգության խորհրդից մի հաղորդագրություն ենք ստացել, որտեղ Արթուր Բաղդասարյանը «սրբագրել» է իր նախորդ սխալը եւ նոր՝ արդեն պետականամետ ու իր պաշտոնին համապատասխան հայտարարությամբ հանդես եկել: Հաղորդագրության մեջ ասված է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 3-ին այցելել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի ուղեկալներ: Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Բաղդասարյանն ասել է եւ գոհունակությամբ արձանագրել. «Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են»»:

«Հայկական ժամանակ»-ը նմանություններ է տեսնում խորհրդային ժամանակների եւ ներկայիս պետական կառույցների միջեւ: Թերթի խմբագրականում կարդում ենք. - «Խորհրդային Միության իշխանության բարձրագույն մարմնի` ԽՄԿԿ համագումարի լրակազմը, այսինքն պատվիրակներին, հավաքում էին կթվորուհիներից, ճակնդեղագործներից, խառատներից եւ քարտաշներից: Վերջիններս համագումարում ձեռք բարձրացնողի ու ծափ տվողի դերակատարում ունեին եւ հիմնականում չէին էլ հասկանում, թե ինչի օգտին են քվեարկում եւ ինչի համար են ծափ տալիս: Այսպիսով կթվորուհի-ճակնդեղագործները ապահովում էին Խորհրդային Միության կայունությունը եւ հանդիսանում Կոմունիստական կուսակցության անխոս հենարանը, որը միշտ եւ ամեն ինչում համաձայն էր հարազատ կուսակցության հետ: Երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին գիտակները պնդում էին, թե վերականգնվում են խորհրդային կառավարման վատագույն ավանդույթները, շատերը դա չափազանցություն էին համարում: Այսօր, սակայն, Հայաստանի Ազգային ժողովի արձակուրդի այս օրերին, երբ վերլուծում ես հայրենի խորհրդարանի լրակազմը, հասկանալի է դառնում, որ վերը նշվածը ոչ միայն համապատասխանում է իրականությանը, այլեւ չափազանց դիպուկ է բնորոշում այն: Ազգային ժողովում պարզապես կթվորուհիներին, ճակնդեղագործներին եւ բանվոր-շինարարներին փոխարինելու են եկել օլիգարխները եւ նրանց շքախմբերը»:

«Առավոտ»-ի խմբագիրը նշում է. - «Վերջերս «Առավոտ»-ը լուսանկարներ է հրապարակել, որոնցից ակնհայտ երեւում է Հայաստանի փոքր քաղաքներից մեկի խիստ անբարեկարգ վիճակը: Հաջորդ օրը ինձ զանգահարեց քաղաքապետը եւ վստահություն հայտնեց, որ այդ նկարահանումները մենք կատարել ենք իր թշնամիների պատվերով: Հայ պաշտոնյաները, ինչպես նաեւ քաղաքական գործիչների մեծ մասը այսպիսի հոգեկան հիվանդություն ունեն` եթե որեւէ մեկը համարձակվում է նշել նրանց որեւէ թերություն, ուրեմն նա պատվեր է կատարում: Թե չէ` առանց պատվերի ո՞ւմ մտքով կանցնի որեւէ թթու խոսք ասել մեր իշխանավորների նման անբիծ անձնավորությունների եւ նրանց կատարած անթերի աշխատանքի մասին»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG