Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ դատարանն ավարտեց Նուբարաշենի հատուկ դպրոցի նախկին ուսուցչի գործի քննությունը


Լեւոն Ավագյան, Նուբարաշենի հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ

Լեւոն Ավագյան, Նուբարաշենի հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ

Վերաքննիչ քրեական դատարանում երեքշաբթի օրը ավարտվեց անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ուսուցչի գործի քննությունը։

Այս գործով Նուբարաշենի համար 11 հատուկ դպրոցի 2 նախկին սաները բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի կողմից այս տարվա մայիսին կայացրած վճիռը, որով նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը անչափահասների նկատմամաբ անառակաբարո գործողությունների համար դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Նախորդ դատական նիստին վերաքննիչ բողոք ներկայացրած 2 սաներից մեկը՝ Դիանա Ամիրխանյանը, դիմում էր ներկայացրել դատարան եւ հետ վերցրել իր բողոքը։

Այսօր դատարանը փաստորեն քննության առավ հատուկ դպրոցի նախկին սաներից միայն մեկի՝ Հասմիկ Սինանյանի բողոքը:

«Ես կարծում եմ, որ իր նման մարդկանց պետք է ցմահ բանտարկեն», - դատարանում հայտարարեց Սինանյանը։

Տուժողի ներկայացուցիչ Ավագ Լալայանն ասում է՝ բողոքարկում են այն փաստը, որ առաջին ատյանի դատարանը արագացված կարգով է քննել գործը՝ տուժողներին հնարավորություն չտալով ներկայացնել իրենց բոլոր փաստարկները եւ վկայությունները։

Հասմիկ Սինանյանի ներկայացուցիչները դատարանում նաեւ պնդեցին, որ 2 տարի ազատազրկումը շատ մեղմ պատիժ է Լեւոն Ավագյանի կատարած հանցագործության համար։

Մեղադրանքը ներկայացնող դատախազ Արթուր Երիցյանը իր ճառում նշեց, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, եւ 2 տարի պատժաչափը Լեւոն Ավագյանի համար բավարար է:

Ինքը՝ Լեւոն Ավագյանը, իր վերջին խոսքում խնդրեց դատարանին՝ բողոքը մերժել:

Դատարանն իր դիրքորոշումը կհրապարակի վաղը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG