Մատչելիության հղումներ

Դպրոցական ծեծկռտուքի արդյունքում 10-ամյա տղան մահացել է


Դպրոցական ծեծկռտուք՝ մահացու ելքով
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00
Ուղիղ հղում

Ոստիկանության Չարենցավանի բաժինը մոտ 50 օր ուշացումով է քրեական գործ հարուցել հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ, որի ժամանակ մահացել էր դպրոցի սան 10-ամյա Դերենիկ Գասպարյանը։

Հարազատները պնդում են, որ մաթեմատիկայի քննության կոնսուլտացիայի կանչված աշակերտների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք այն ժամանակ, երբ մաթեմատիկայի ուսուցչուհին դասարանում չի եղել։ Երկու համադասարանցի տղաներ ծեծի են ենթարկել Դերենիկին։ Ծեծի ընթացքում քունքին ստացած հարվածից երեխան մահացել է։

«Գրել են, որ ծեծի առթիվ է հարուցվել քրեական գործ, բայց չեն գրել, որ ծեծի պատճառով երեխան մահացել է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց Դերենիկ Գասպարյանի մայրը՝ Գայանե Մկրտչյանը։

Երեխայի հարազատները դժգոհում են, որ քրեական գործը հարուցվել է այդքան մեծ ուշացումով՝ հուլիսի 21-ին, եւ այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ գործը հարուցելով 118 հոդվածի հատկանիշներով՝ իրավապահները փորձում են շեղել գործի ընթացքը, եւ այն մարդիկ, ովքեր պետք է պատժվեն, այսպիսով ազատվում են պատասխանատվությունից։

«Այսպիսով գործից դուրս է մնում ուսուցչի՝ դասարանում չգտնվելու փաստը», - ասում է իրավապաշտպանը։

«Երեխաներին դատ չի հասնում, իսկ ես ուզում եմ, որ բոլորն էլ պատժվեն, ուզում եմ, որ իրենք այդ պատասխանատվությունը կրեն՝ դասղեկը, մաթեմի դասատուն, դպրոցի տնօրենը», - հայտարարեց երեխայի մայրը Գայանե Մկրտչյանը։

Չարենցավանի ոստիկանության քննիչ Հարություն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ առայժմ գործով մեղադրանք որեւէ մեկին չի առաջադրվել։

«Նախաքննությունը հիմա շարունակվում է», - ասաց Մկրտչյանը՝ ընդգծելով, որ գործը հարուցվել է դատաբժշկական քննության եզրակացության վրա, գործի հանգամանքները առայժմ չեն պարզվել եւ առայժմ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
Հարազատները պնդում են, որ դատաբժշկական փորձաքննությունը կեղծված է, որպես մահվան պատճառ նշված է սուր սրտանոթային անբավարարությունը։

«Հենց սկզբից մաթեմատիկայի դասատուն՝ միաժամանակ տնօրենի կինը, զանգել է, ասել է մի բան արա՝ գրի էպիլեպսիկ հիվանդ», - փոխանցեց Դերենիկի տատը՝ Ռայա Հովհաննիսյանը։

Ծնողները պնդում են, որ երեխան ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, այդ մասին է վկայում նրա բժշկական քարտը։

Ոստիկանության Չարենցավանի բաժինը վերջին շրջանում հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում՝ ապրիլի կեսերին այստեղ հարցաքննության կանչված 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG