Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը օգոստոսին ավարտում է մարտական գործողություններն Իրաքում


Բարաք Օբաման երեկ Ատլանտայում ելույթ է ունեցել ամերիկացի հաշմանդամ-վետերանների առաջ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց ես ներկայացրել էի Իրաքում մեր նոր ռազմավարությունը եւ միանշանակ հայտնել, որ 2010-ը թվականի օգոստոսի 31-ին մեր մարտական առաքելությունն Իրաքում ավարտվելու է», - երեկ Ատլանտայում ասել է Բարաք Օբաման եւ ավելացրել.- «Դա հենց այն է, ինչ մենք հիմա անում ենք, ամեն ինչ կավարտվի ըստ հայտարարված ժամանակացույցի»։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հիթեր Մահերի փոխանցմամբ, Սպիտակ տան ղեկավարն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այս ամվա ընթացքում դեռ շատ են հանդես գալու իրաքյան ռազմավարությանը նվիրված ելույթներով եւ փորձելու են հանրության ուշադրությունը հրավիրել այդ երկրում կատարվող փոփոխությունների վրա։

Նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի կունենան Կոնգրեսի ընտրություններ, եւ դեմոկրատների համար կարեւոր է ապացուցել ընտրողներին, որ նախագահը կատարում է նախընտրական խոստումները։ Սպիտակ տան խոսնակ Բիլ Բարթոնը ասել է, թե Օբամայի երեկվա ելույթի պատգամը հետեւյալն է` «Նախագահը տեր է կանգնում իր տված խոստումներին»։

Օգոստոսի վերջին Իրաքում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը կկազմի 50 հազար, մինչդեռ երբ Օբաման 2009 թվականի հունվարին ստանձնել էր պաշտոնը, ամերիկյան զորքի թիվն Իրաքում մոտ 144 հազար էր։

Այժմ ամերիկացիներն իրաքյան բանակին են հանձնում հարյուրավոր հենակետեր եւ ռազմակայանները։ Օբաման ասել է, որ ամերիկացիները հեռանում են Ալ Ղաիդային պարտության մատնելուց հետո։


«Բռնությունների թիվն Իրաքում հիմա ամենացածրն է անցած տարիների ընթացքում, սեպտեմբերից սկսած մենք փոխում ենք մեր առաքելության էությունը, այն արդեն չի լինի մարտական, մենք միայն աջակցելու ենք եւ վերապատրաստելու ենք իրաքցիներին», - ասել է Բարաք Օբաման։

Ամերիկացի վերջին զինվորն Իրաքի տարածքը կլքի 2011 թվականի վերջին։ Այդպիսով, ութամյա պատերազմն Իրաքում կավարտվի։

Հաշմանդամ-վետերանների առջեւ արտասանած ելույթում Բարաք Օբաման խոստովանել է, որ մյուս ռազմաճակատում` Աֆղանստանում, վիճակը բավական բարդ է։ Լրացուցիչ 30 հազար զինծառայող է մեկնել Աֆղանստան, որտեղ թալիբները կատաղի դիմադրություն են ցույց տալիս։


«Մենք շարունակում ենք լուրջ մարտահրավերներ դիմագրավել Աֆղանստանում, բայց կարեւոր է, որ Ամերիկայի ժողովուրդն իմանա. մենք այնտեղ էլ առաջխաղացում ենք ապահովում` մեր առջեւ ունենալով հստակ եւ իրագործելի նպատակներ», - ասել է Բարաք Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG