Մատչելիության հղումներ

Թուրքիան ողջունում է ՄԱԿ-ի որոշումը


Թուրքական Mavi Marmara նավի վրա իսրայելական հատուկ նշանակության ջոկատի մայիսի 30-ի հարձակումը պատկերող կադրեր, որ հեռարձակել է թուրքական Cihan գործակալությունը
Թուրքական Mavi Marmara նավի վրա իսրայելական հատուկ նշանակության ջոկատի մայիսի 30-ի հարձակումը պատկերող կադրեր, որ հեռարձակել է թուրքական Cihan գործակալությունը

Թուրքիան ողջունում է ՄԱԿ-ի որոշումը՝ մայիսի վերջին Գազայի հատվածում «Ազատության նավատորմիղի» հետ տեղի ունեցած միջադեպի շուրջ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, պաշտոնական Անկարան ընդգծում է, որ օրակարգում են մնում իր կողմից Իսրայելին առաջադրված պահանջները՝ պաշտոնապես ներողություն խնդրելու եւ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, այդ մասին երկուշաբթի օրը՝ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ պահանջել, որ Դավութօղլուն անձամբ եւ ամենայն ուշադրությամբ հետեւի հանձնաժողովի աշխատանքներին։

Ամիսներ շարունակ Իսրայելը հետեւողականորեն մերժում էր միջադեպի շուրջ միջազգային հետաքննություն անցկացնելու՝ Թուրքիայի պահանջը, ինչին ի պատասխան Անկարան սպառնում էր վերանայել հարաբերությունները երբեմնի ռազմավարական գործընկերոջ հետ։ «Այժմ, համաձայնելով այդ առաջարկին, պաշտոնական Երուսաղեմը ձգտում է վերականգնել կապերը Թուրքիայի հետ», - «Ֆրանսպրես»-ին ասել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով, սակայն, նախընտրել է անանուն մնալ։ «Մենք վախենալու բան չունենք, փաստերը մեր օգտին են խոսում», - պնդել է իսրայելցի պաշտոնյան եւ ընդգծել. - «Այս քայլով, սակայն, մենք հույս ունենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ»։

Արեւմտյան եւ իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իսրայելն այդ որոշումը կայացրել է պաշտոնական Վաշինգտոնի ճնշման տակ: «Ամերիկյան կողմը պատճառաբանում էր, թե համաձայնելով միջազգային հետաքննությանը՝ Երուսաղեմը կարող է կանխարգելել հակաիսրայելական բանաձեւերի ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ու Գլխավոր ասամբլեայում», - երեքշաբթի օրը գրել է իսրայելական «Հաարեց» պարբերականը։

Պաշտոնական աղբյուրները, սակայն, հերքում են այդ տեղեկատվությունը: «Այդ որոշումը Իսրայելը ինքնուրույն է կայացրել՝ առանց որեւէ ճնշման», - «Ֆրանսպրես»-ին ասել է կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG