Մատչելիության հղումներ

Նորանշանակ մարզպետը «կադրային ջարդ» չի սկսել


Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը կտրականապես հերքում է, թե մարզպետարանում ինքը աշխատանքից ազատում է նախկին մարզպետի օրոք ընդունված աշխատակիցներին:

«Ոչ մի մարդու էլ չեմ հանել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Բարսեղյանը: - «Քարտուղարին ասաց` պարոն մարզպետ, ես պետք է սովորեմ, թողել գնացել է: Շատ խելոք աղջիկ է, ես կուզենայի հետը աշխատել: Ուրիշ ոչ մեկին ես [աշխատանքից] չեմ հանել»:

Հիշեցմանը, որ վերջերս աշխատանքից ազատվել են մարզպետի խորհրդականը, մարզպետարանի հողաշինարարը եւ ֆինանսական վարչության պետը, մարզպետը արձագանքեց. - «Ֆինանսական վարչության պետի տեղը թափուր էր, իմ գալուց առաջ էլ էր թափուր, մինչեւ հիմա էլ թափուր է: Հողաշինարարը նոր էր ընդունվել, դիմում է գրել, դուրս եկել: Ուրիշ ոչ մեկին ես դեմքով էլ չեմ ճանաչում»:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Էդիկ Բարսեղյանը պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքից ազատել է մի քանի հոգու` երեք քաղծառայողի, ինչպես նաեւ քարտուղարուհուն ու վարորդին:

Նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը պնդում է, թե քաղծառայողների` աշխատանքից ազատվելու մասին դիմումները պարտադրված են եղել Արարատի մեկ այլ նախկին մարզպետ, այժմ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից: Ու հենց վերջինիս մարզպետության օրոք աշխատած մարդկանց էլ Էդիկ Բարսեղյանը նշանակել է աշխատանքից ազատվածների փոխարեն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովակիմյանը կոնկրետ օրինակներ բերեց. - «Հողաշինարար Վարդան Այվազյանին, [որը] քաղծառայող է, կանչել-ասել են դիմում գրի, որ նախկին հողաշինարարին բերեն, նորից տեղավորեն: [Էդիկ Բարսեղյանի նշանակման] Հաջորդ օրը Ալիկ Սերգեիչը [Սարգսյանը] ինքն է եկել մարզպետարան, ասել է` պիտի դրանց ազատեք, դրանց ընդունենք»:

Բարսեղյանը ասաց, որ իր նշանակման հաջորդ օրը Ալիկ Սարգսյանը իրոք այցելել է մարզպետարան. - «Ընդամենը եկել է 3 րոպեով, մտել, ինձ շնորհավորել է ու գնացել: Ոչ մեկի կողմից հրահանգ չի եղել: Եվ մարզպետն էլ այն դաստիարակությունը չի ստացել, որ այս կամ այն պաշտոնյայի հրահանգով մարդ ազատի»:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կապակցությամբ փոխանցեց, որ երեք քաղծառայողների` աշխատանքից ազատվելու մասին տվյալները խորհուրդը ստացել էր մինչեւ Էդիկ Բարսեղյանի նշանակումը:

«Այստեղ խախտում մենք չենք արձանագրել: Չեմ ցանկանում պաշտպանել Բարսեղյանին, բայց եթե Արարատի մարզպետարանում կադրային ջարդ լիներ, մենք հակառակ դիրքորոշումը կունենայինք», - ասաց Բադալյանը` չբացառելով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ աշխատանքի անցած այդ մարդիկ կարող էին դիմում ներկայացնել նաեւ ճնշման տակ. այդ դեպքում, սակայն, օրենքը քաղծառայողներին պաշտպանելու հնարավորություն չի տալիս:

«Նրանք պարզապես չպետք է այդքան հեշտությամբ զիջեին դիրքերը, եւ մենք նրանց կպաշպանեինք, ինչպես, օրինակ, երեկ, երբ մերժեցինք Բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուրզադյանին աշխատանքից ազատելու մասին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի դիմումը», - եզրափակեց Քաղծառայության խորհրդի նախագահը:
XS
SM
MD
LG