Մատչելիության հղումներ

Օգոստոսի 3-ի մամուլ


«Հրապարակ»-ը շարունակում է ուշադրության կիզակետում պահել բանակային թեման` խմբագրականում նշելով. - «Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր գերատեսչությունում ընդունել էր լրատվամիջոցների ղեկավարներին: Նման հավաք-հանդիպումներ անում էր նաեւ Վազգեն Սարգսյանը: Անշուշտ, խոսակցության «նոտաները» տարբեր էին, բայց ժամանակն էլ է տարբեր, եւ եթե 1993-97 թվերին կարելի էր հասկանալ, որ երկիրը կայացած չէ, բանակը նորաստեղծ է, եւ պատերազմը նոր է ավարտվել, ապա 2010-ին այդ նույն պատճառաբանությունները բերելն առնվազն տարօրինակ է: Այնպես որ, ո’չ կոռուպցիան, ո’չ անիմաստ զոհերը, ո’չ դեդովշչինան ոչ մի արդարացում չունեն: Եվ պետք չէ անմեղ հրեշտակի տեսք ընդունել, թե՝ ես ինչ անեմ, երկիրն է այդպիսին, դպրոցն ու կրթությունը: Հասարակությունն է մեղավոր, ընտանիքը, որ տղաներին լավ չեն դաստիարակել: Հիմա բանակի ու պաշտպանական գերատեսչության ղեկավարներն ինչպե՞ս ուղղեն այս բոլորի սխալները եւ ինչո՞ւ պատասխան տան բոլորի փոխարեն: Բայց հարց է ծագում՝ այդ դեպքում ո՞վ է մեղավորը, ո՞վ է պատասխանատու այս վիճակի համար»:

Խնդիրը մասնավորեցնում է «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը եւ գնահատում. - «Ինձ պարզապես ամոթալի թվաց, թե ինչպես է սեփական զավակի մահվան մասին իմացել Մարտունու միջադեպի զոհերից մեկի` Անդրանիկ Սարգսյանի հայրը` Սարգիս Սարգսյանը: Գույժը նրան հայտնել է հարեւանը, ով նախորդ գիշեր իրենց շենքի բակում պատահաբար հանդիպել է բակ այցելած ոստիկանների եւ զինկոմիսարիատի ներկայացուցիչների ու նրանցից իմացել մահաբեր լուրը: Փաստորեն, Սարգսյանների ընտանիքից զինվոր տարած պետությունը երեք սպա չուներ, որ վաղ առավոտյան կոկիկ եւ պաշտոնական հագնված բախեին այդ ընտանիքի տան դուռը եւ նրանց հանձնեին, ասենք, պաշտպանության նախարարի ստորագրած պաշտոնական գրությունը, որում շարադրված կլիներ այդ պահին հայտնի կամ թույլատրելի տեղեկատվությունը: Փոխարենը Հայոց բանակը որդեկորույս ծնողներին խաբար է ուղարկել, ապսպրել է, թե բա` գիտես. բալեդ զոհվել է, եթե ուրիշ բան քեզ հետաքրքիր է, վեր կաց արի զինկոմիսարիատ: Այս դրվագի մեջ խտացված է թերեւս մեր բանակի, մեր պետության ողջ խնդրաբանությունը: Ով է քաղաքացին պետության համար, ով է պետությունը քաղաքացու համար: Ով է զինվորը բանակի համար, եւ ինչ է բանակը զինվորի համար»:

«Ժամանակ» թերթին տված հարցազրույցում խոսելով առաջիկայում հանրահավաքային արշավ սկսելու հնարավորության մասին` Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման համակարգող Լեւոն Զուրաբյանն ասում է. - «Մենք ասել ենք, որ կսկսենք հանրահավաքային արշավ, իսկ հանրահավաքների հաճախականությունը կթելադրի քաղաքական իրավիճակը: Պերմանենտ հանրահավաքների մասին էլ միշտ ասում եմ մի բան` պերմանենտ, այսինքն` շուրջօրյա, անընդհատ հանրահավաքը վա-բանկի նման մի բան է, երբ կամ հաղթում ես դու, կամ իշխանությունը քեզ ջարդում է: Մի անգամ մենք դա արեցինք փետրվարին: Իշխանությունը, իհարկե, կարողացավ ճնշել այդ բողոքը միայն կրակելով սեփական ժողովրդի վրա, որից հետո, ինչպես արդեն ասացի, ժողովրդի ոգին չկոտրվեց, եւ մենք նորից վերակազմակերպեցինք շարժումը: Բայց մենք իրավունք չունենք երկրորդ անգամ գնալ պերմանենտ հանրահավաքների եւ չհաղթել: Սա արդեն աներեւակայելի մի բան կլինի: Պերմանենտի բոլոր կողմնակիցները պետք է հասկանան, որ պերմանենտ հանրահավաքները սկսվում են այն վիճակում, երբ արդեն հասունացած են ժողովրդական հոգեւոր հեղափոխության բոլոր հիմքերը»:

Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի հնարավոր երկարացման կապակցությամբ «Առավոտ»-ի հետ զրույցում իր տագնապն է փոխանցում Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նա համարում է, որ պայմանագրի «ո'չ ժամկետի երկարացումը, ո'չ հավելյալ` պաշտպանական լիազորությունների տրամադրումը մեր ազգային ու պետական շահերից չի բխում»: «Ակնհայտ դիմանիկ փոփոխությունների ենթարկվող Կովկասի համար, մանավանդ, ղարաբաղյան հարցի առկայության պարագայում, մեր ազգային անվտանգությունը այդպես կոշտ կապել մի երկրի հետ չարժե: Չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորված փոփոխությունների արդյունքում մենք 10 տարի հետո Կովկասում միանգամայն այլ իրավիճակ ունենանք: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվի: Այդ 49 տարին ես համարում եմ այսօրվա վարչախմբի` իր աթոռները պահպանելու համար Ռուսաստանին վճարվող գինը», - ասում է Հովհաննես Հովհաննիսյանը եւ շարունակում. - «Ես փորձեցի ուսումնասիրել, բայց այդպես էլ որեւէ այլ երկրում համանման համաձայնագիր չգտա, որ սուվերեն երկիրը մի ինչ-որ երրորդ երկրի ռազմաբազային տա իր ներքին հարցերին միջամտելու իրավունք: Սա շարունակությունն է օտարալեզու դպրոցների նախաձեռնության: Հասկանո՞ւմ եք, այս պայմանագրով Հայաստանը չի վերածվում Կրասնոդարի երկրամասի. Հայաստանի քաղաքական կարգավիճակն այդպիսով շատ ավելի ցածր է դառնում: Ոչ ոք իրավունք չունի մի ստորագրությամբ, մի պայմանագրով մասամբ կամ ամբողջական վաճառել մի ժողովրդի անկախությունը, այն էլ այդ գնով ձեռք բերված: Ոչ ոքի դա տրված չէ, առավել եւս ոչ լեգիտիմ պառլամենտին ու նախագահին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG