Մատչելիության հղումներ

Կալիֆորնիացի գիտնականների թիմի ղեկավար Ռոբերտ Սապոլսկին ասել է, որ վակցինայի շնորհիվ գլխուղեղը գտնվելու է «կենտրոնացված հանգստի» վիճակում։

«Հերալդ Սան» պարբերականի փոխանցմամբ, Սթենֆորդի համալսարանի գիտնականների խումբը մտադիր է ստեղծել պատվաստանյութ, որը կանխելու է ծանր հիվանդությունների, այդ թվում սրտամկանային ինֆարկտի եւ շաքարախտի հանգեցնող վիճակը` սթրեսը։

Ռոբերտ Սապոլսկու խումբը Քենիայում անցկացրած հետազոտությունների ընթացքում պարզել է, որ օրգանիզմի իմունային համակարգի մաս կազմող եւ քաղցկեղի ու բորբոքումների դեմ պայքարող «գլյուկոկորտիկոիդ» կոչվող հորմոնները կենդանու մոտ սթրեսից, օրինակ` գիշատիչներից փախչելուց հետո, «անջատվում» են, մինչդեռ մարդու օրգանիզմում այդպիսի բան տեղի չի ունենում` գլյուկոկորտիկոիդները ակտիվ են մնում։

Դրանք օրգանիզմն արտադրում է ի պատասխան օրվա ընթացքում ի հայտ եկող զանազան ահազանգերի եւ վտանգների։ Կուտակվելով մարդու օրգանիզմում, այդ հորմոնները սկսում են վնաս հասցնել, քայքայել գլխուղեղի բջիջները եւ թուլացնել իմունային համակարգը։

Սապոլսկու թիմը այդ հորմոնները չեզոքացնելու համար գիտական փորձերի միջոցով կարողացել է ձեւափոխել հերպեսի վիրուսը, դրան ստիպելով դառնալ նեյրոբջիջների պաշտպան։ Առնետների վրա անցկացրած հետազոտությունների ընթացքում վիրուսը իսկապես չեզոքացրել է վտանգի պահին արտադրված հորմոնների վնասակար ազդեցությունը։

Այդ ձեւափոխված վիրուսը մարդկանց մոտ առաջացնելու է սթրեսից ի հայտ եկած եւ լարվածության պատճառ դարձած նեյրոնների հետադարձ կապի կարճ միացում, փաստորեն` տեղի է ունենալու արագ լիցքաթափում։

«Դա թույլ կտա մարդուն գտնվել կայուն, կենտրոնացված վիճակում, միշտ թարմ, կայտառ, հավասարակշռված եւ պատրաստ դիմագրավել հաջորդ վտանգը», - ասել է Ռոբերտ Սոպոլսկին, ով 30 տարի շարունակ աշխատել է այդպիսի վակցինա ստեղծելու ուղղությամբ։ Պատվաստանյութը առնետների դեպքում աշխատում է, բայց թե երբ կստեղծվի դրա տարբերակը homo sapiens-ի համար` այս պահին հայտնի չէ։


«Անկեղծ ասած, առ այսօր ինքս զարմացած եմ այն մտքից, որ վակցինան աշխատում է», - խոստովանել է ամերիկացի պրոֆեսորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG