Մատչելիության հղումներ

«Ադրբեջանցիները կարող են խաղաղ գոյակցել հայերի հետ»


Բայրամ Սաֆարով
Բայրամ Սաֆարով
«Ադրբեջանցիները կարող են խաղաղ գոյակցել հայերի հետ», - ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պնդել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովը։

«Մենք որեւէ խնդիր չունենք խաղաղասեր հայերի հետ, որոնք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Սաֆարովը եւ պնդել. - «Մենք առանց որեւէ խնդրի կարող ենք նրանց հետ կողք-կողքի ապրել, սակայն դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունը սթափ մտածելակերպ որդեգրի, ետ կանչի իր զորքերը, ադրբեջանցի փախստականները վերադառնան եւ հայերի հետ համատեղ կառուցեն հարազատ բնակավայրերը»։

Սաֆարովը ասել է, թե իր կազմակերպությունը ստեղծվել է Ղարաբաղից արտաքսված բոլոր ադրբեջանցիներին միավորելու նպատակով: «Ներկայումս, նախնական հաշվարկներով, միայն Լեռնային Ղարաբաղից արտաքսված ադրբեջանցիները 75 հազարից ավելի են կազմում», - վստահեցել է նա ու հավելել. - «Թեեւ մեր կազմակերպության ստեղծումից շատ ժամանակ չի անցել, այդուամենայնիվ, այս ընթացքում մենք հասցրել ենք մի քանի կարեւոր հանդիպումներ ունենալ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, եւ բոլոր այդ հանդիպումներում նույն հարցն ենք բարձրացրել՝ երբ ենք մենք՝ ադրբեջանցի փախստականներս, մեր հայրենի վայրեր վերադառնալու»։

Շարունակելով պաշտպանել Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը, թե պաշտոնական Երեւանը միտումնավոր ձգձգում է վերջնական կարգավորումը, Սաֆարովն ասել է. - «Հայաստանի իշխանությունները կարծում են, թե դրանով ղարաբաղյան խնդիրը կմոռացվի կամ երկրորդ պլան կմղվի, սակայն հավատացնում եմ ձեզ` Ադրբեջանի ժողովուրդը՝ նախագահ Ալիեւի ղեկավարությամբ, երբեք չի համակերպվի իր տարածքների կորստյանը։ Մենք լի ենք մեր նախնիների հողերը վերադառնալու վճռականությամբ, եւ ոչինչ չի կանգնեցնի մեզ այդ ճանապարհին»։

«Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը անդրադարձել է նաեւ բանակցային գործընթացին որպես լիիրավ կողմ մասնակցելու՝ պաշտոնական Ստեփանակերտի պահանջներին։ «Այդ որտե՞ղ է լսված, որ վիճահարույց տարածքի բնակչության մի մասը մասնակցի բանակցություններին, իսկ մյուսը՝ ոչ», - հարցրել է Սաֆարովն ու ընդգծել. - «Այժմ հակամարտության կարգավորման շուրջ պետք է բանակցեն երկու պետությունները, իսկ որոշակի փուլում դրանց կարող են նաեւ միանալ հայկական ու ադրբեջանական համայնքները՝ իրենց ապագա համակեցությունը քննարկելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG