Մատչելիության հղումներ

logo-print
Երկու տարի առաջ` 2008 թվականի օգոստոսի 1-ին, Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում Համաժողովրդական շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընդդիմադիր դաշինքի` Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին:

«Հայ ազգային կոնգրեսի հիմքը դրվել է ոչ թե 2008 թվականի օգոստոսին, այլ փետրվարյան ընտրություններին հաջորդած` Ազատություն հրապարակում անցկացված օրերին», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը
«[Անցած երկու տարիներին] Մենք հասանք տասնյակ քաղբանտարկյալների վաղաժամ ազատ արձակմանը: Նաեւ ես ձեռքբերումներից եմ համարում այն վստահությունը, որ մենք ունենք բնակչության շրջանում, այն նոր որակը քաղաքական գործիչների, որ կան Հայ ազգային կոնգրեսի շարքերում, եւ այն միասնականությունը, որ երկու տարի շարունակ կա», - նշեց Կարապետյանը:

Սակայն, ինչպես ցավով փաստեց ընդդիմադիր գործիչը, դեռ չի հաջողվել իրագործել Կոնգրեսի հիմնական նպատակը`«սահմանադրական կարգի, արդարության վերականգնումը Հայաստանում»:

Կարապետյանը, այդուհանդերձ, հավելեց. - «Մեր վճռականությունը, մեր միասնական լինելը, կարծում եմ, որ երաշխիք է, որ իրավիճակը շատ շուտով փոփոխվելու է, եւ Հայաստանի ժողովուրդը իսկապես ունենալու է այն իշխանություններին, որոնց նրանք ընտրել են»:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման սկիզբը համարում է 2007 թվականը` դրա գործունեությունը բաժանելով 3 փուլի` «հեղափոխական, կիսահեղափոխական եւ լիբերալ»:
ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:


«Վերջերս ՀՀՇ-ի համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտ ներկայացրեց, որ պայքարը գնալու է սահմանադրական ճանապարհով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Չէին շեշտադրվում մարտի 1-ի իրադարձությունները, որովհետեւ մեղավորությունն այդտեղ երկկողմանի է` ե'ւ իրենց կողմից մեղավորություն կար, ե'ւ իշխանության կողմից: Կարծում եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրել է օրենքի եւ սահմանադրական կարգը պահպանելու ճանապարհը»:

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խոսքով, անցած երկու տարում ՀԱԿ-ը ապացուցել է, որ «այլեւս անհնար է պատկերացնել Հայաստանի քաղաքական կյանքն ու օրակարգը առանց այդ կառույցի»:

«Կոնգրեսը նաեւ ապացուցեց, որ Հայաստանի քաղաքական կյանքում որոշակիորեն նաեւ օրակարգ թելադրող է», - ասաց Սուրենյանցը` հավելելով. - «Բայց կա նաեւ երկար ճանապարհ անցնելու խնդիր. Կոնգրեսը պետք է կարողանա ավելի երկարաժամկետ ինստիտուցիոնալ գործիքի վերածվել»:

Նրա խոսքով` առայժմ Կոնգրեսում ընդգրկված կուսակցություններին միավորող գլխավոր գործոնը Լեւոն Տեր-Պետրոսյանի անձն է, եւ ՀԱԿ-ի ղեկավարությունը «պետք է ուշադրություն դարձնի այդ հանգամանքին»:

ՀԱԿ-ին անդամակցող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, Կոնգրեսը կարողանում է «ե'ւ որոշ չափով զսպել իշխանություններին, ե'ւ ինչ-որ տեղ պարտադրել հետ կանգնել ինչ-ինչ քայլերից»:

«Այդ համաներումը հենց այնպես չտրվեց. դա մեր լրջագույն պայքարի արդյունքում ձեռք բերվեց: Եվ, իհարկե, մենք մինչեւ վերջ պետք է գնանք, որ մեր մյուս ընկերները… նույնպես հայտնվեն ազատություն մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգսյանը` հավելելով. - «Մեծ ձեռքբերում եմ համարում նաեւ այն փաստը, որ այսօր հասարակությունը շատ հաճախ մեզանից դժգոհում է: Որովհետեւ եթե դժգոհում են, ուրեմն սպասում են մեզանից բարեփոխումներ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG