Մատչելիության հղումներ

Հելսինկիի հռչակագիրը՝ 35 տարեկան


1975 թվականի օգոստոսի 1-ին 35 պետություններ Ֆինլանդիայի մայրաքաղաքում ստորագրել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության եզրափակիչ ակտը, որը քաղաքագետները անվանել են Հելսինկյան հռչակագիր։

Ծավալուն փաստաթուղթը ստորագրել են եվրոպական գրեթե բոլոր երկրները, Կանադան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունը։

Միջազգային-իրավական առումով այն ամրագրել է Երկրորդ աշխարհամարտի արդյունքները, սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության եւ պետությունների ներքին խնդիրներին չմիջամտելու սկզբունքները։ Ռազմա-քաղաքական բնագավառում հռչակագիրը կնքած երկրները պարտավորվել են միջոցներ ձեռնարկել փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար եւ խաղաղ եղանակով կարգավորել հնարավոր վեճերը։ Տնտեսության բնագավառում պայմանավորվել են համաձայնեցնել աշխատանքը գիտության, տեխնիկայի եւ բնապահպանության ոլորտներում։

Հռչակագիրը քաղաքական մեծագույն նշանակություն է ստացել հումանիտար բնագավառին վերաբերող հարցերում։ Հռչակագրով ամրագրվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում երկրների ստանձնած պարտավորությունները։

Խորհրդային գաղափարախոսները Հելսինկյան հռչակագիրը համարել են Մոսկվայի հաղթանակ, քանզի դրանով, թվում էր, թե առհավետ երաշխավորվել է կոմունիստական բլոկի գերակայությունը Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայում, իսկ Արեւմուտքը հռչակագիրը նվաճում է համարել, քանի որ դրանով կոմունիստները պարտավորվել են հարգել մարդու իրավունքները։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջերալդ Ֆորդը ստորագրել է հռչակագիրը միայն այն բանից հետո, երբ վերահաստատել էր, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Բալթյան երեք հանրապետությունների բռնի միացումը Խորհրդային Միությանը։

«Ես Հելսինկի եմ ժամանել, ներկայացնելով երկիր, որի տեսլականը միշտ ուղղված է դեպի ապագա, որի ժողովուրդը միշտ ձգտել է, որ ապագան անցյալից ավելի պայծառ լինի, որը այսօր միահամուռ գործում է հանուն խաղաղության եւ առաջընթացի` ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ մարդկության համար։ Ես այստեղ ասում եմ գործընկերներիս` մենք պարտավոր ենք մեր երեխաների, բոլոր մայրցամաքների երեխաների առջեւ, բաց չթողնել եւ ուրիշներին թույլ չտալ վատնել ավելի լավ, ավելի ապահով աշխարհ կերտելու հնարավորությունը», - ասել էր Ֆորդը 35 տարի առաջ։

Այդ օրվանից աշխարհը փոխվել է։ Կոմունիստական կայսրությունը պարտվել եւ կործանվել է։ Հռչակագիրը ստորագրելիս կոմունիստները, հավանաբար, չէին կարող պատկերացրել, որ մի օր տանուլ կտան այլախոհների դեմ մղած պայքարը։

Դուբլինի Եվրոպական ինստիտուտի պրոֆեսոր Դենիել Թոմասի փոխանցմամբ, կա հստակ կապ 75-ին ստորագրված հռչակագրի եւ դրանից 15 տարի անց կոմունիզմի տապալման միջեւ։

«Կոմունիզմի վերացումը մեկ գործոնով չի պայմանավորված, բայց փաստ է, որ հռչակագիրը արեւելյան բլոկում փոխել է պետություն-հասարակություն հարաբերությունները, եւ նպաստել է Խորհրդային Միությունում եւ Արեւելյան Եվրոպայում միակուսակցական համակարգի քայքայմանը», - ասել է Դենիել Թոմասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG