Մատչելիության հղումներ

Հարազատներն ասում են՝ 5 զինծառայողի սպանության համար մեղադրվող Այվազյանը ընդհանրապես չպետք է զորակոչվեր


Շրջանառվող վարկածի համաձայն, 20-ամյա երեւանցի Կարո Այվազյանն է hուլիսի 28-ին Ղարաբաղի Մարտունու զորամասերից մեկում իրեն ամրակցված զենքից գնդակահարել 5 զինծառայողի եւ ինքնասպան եղել:

Կարո Այվազյանի քեռին՝ Անուշավան Միքայելյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դիահերձման ժամանակ ներկա է եղել. բռնության հետքեր չեն հայտնաբերվել մարմնի վրա, միայն 1 կրակոցի տեղ է եղել:

Այդուհանդերձ, Միքայելյանը չի հավատում, որ իր զարմիկն է սպանությունների եւ ինքնասպանության հեղինակը։ Ասում է՝ մոտ 1 տարվա ծառայող էր եւ իր բանակային ընկերների հետ լավ հարաբերություններ ուներ։ Ու չնայած դրան, նաեւ ասում է՝ ոչինչ բացառել չի կարելի։

«Մենք ոչ մեկս չգիտենք՝ ինչը ոնց է եղել։ Ամեն ինչ սկսվում է հիմքից։ Էս մարդուն [Այվազյանին] չէր կարելի վստահել՝ դա փաստ է։ Զենքի գողության համար է նա դատվել, ավազակային հարձակման համար էլ է դատվել», - պատմում է քեռին։ Նրա խոսքով, եթե Հայաստանում օրենքը գործեր, իր զարմիկին ընդհանրապես բանակ չպետք է զորակոչեին:

Այվազյանը 2 տարեկանից ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այնտեղ դատվել է 13 տարեկանից, բանտ է նստել, եւ նույնիսկ փախուստ կատարել բանտից: Ի վերջո՝ անցյալ տարի շղթայակապ արտաքսվել է Հայաստան, հայերեն նորմալ չի հասկացել, հայերեն գրել եւ կարդալ չի իմացել: Ու չնայած այս ամենին՝ Հայաստան ոտք դնելուց 6 ամիս անց ուղարկել են բանակ:

«Թղթեր ենք բերել, որ նա դատված է, որ այնտեղ հիվանդանոցում պառկել է՝ հոգեկան հիվանդ է։ Էդ էլ չի անցնում, քանի որ մեջը փող չկա», - պատմեց Կարո Այվազյանի պապը՝ Ջիվան Միքայելյանը։

«Ուրեմն, ես որ գնացի Արաբկիրի զինկոմիսարիատի բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանի մոտ, ասաց՝ ինձ 4 հազար դոլար փող կբերես-կտաս, ես ձեր երեխային կազատեմ։ Հետո դիմեցի դատախազություն, որ փող է ուզել ։ Բայց ցավոք սրտի, Հայաստանում օրենքները չեն գործում։ Դատախազությունն այդ գործը փակեց», - պատմեց Կարո Այվազյանի պապը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG