Մատչելիության հղումներ

Հուլիսի 31-ի մամուլ


Վերջին օրերին բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ «Հրապարակ»-ի խմբագրականը գնահատում է. - « Սա այն դեպքն է, երբ հասարակությունը պետք է արթնանա, պետք է հասկանա, որ այսպես շարունակվել չի կարող։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է ցավա ու սգա այնպես՝ կարծես իր հարազատ զավակը կամ եղբայրն է զոհվել։ Եվ պետք է անողոք ու դաժան լինել այս վիճակի պատասխանատուների նկատմամբ։ Մի քանի ամիս շարունակ մեզ բոլորիս հուզում էր հայոց լեզվի հարցը՝ մարդկանց մի մեծ խումբ զարմանալի համախմբված պայքարում էր օտարալեզու դպրոցների դեմ, եւ կարելի է ասել՝ որոշ արդյունքների հասան։ Ասել կուզի՝ մենք ընդունակ են համախմբվելու, պայքարելու, իշխանությունից ինչ-որ բան պահանջելու։ Այժմ ժամանակն է պայքար սկսելու բանակի վիճակի, բանակում անմեղ զոհերի մեղավորների ու «բեսպրեդելի» կանոններ պահպանողների դեմ։ Չեն կարող պաշտպանության նախարարության ղեկավարությունը, բանակի հրամանատարական կազմը, կոնկրետ զորամասերի ղեկավարները անմեղ հրեշտակների տեսք ընդունել եւ անպատիժ մնալ, եթե 2 օրում 7 երիտասարդ տղա է խաղաղ պայմաններում զոհվում։ Եթե մեր ժողովուրդը հայտնի է իր դիմացկունությամբ, որը կարող է տանել սոցիալական կարիքը, կենցաղային զրկանքները, գործազրկությունն ու տարբեր փորձություններ, դա չի նշանակում, որ պետք է իր սերուցքը՝ երիտասարդներին, որպես մատաղացու ուղարկի մի փնթի ու անկարգ կառույց, որի անունն է հայկական բանակ»։

Թեման շարունակում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը. - «Ի՞նչ է կատարվում մեր բանակում։ Այս ի՞նչ վիճակ է, եւ ո՞վ է, ի վերջո, այս ամենի համար պատասխան տալու։ Պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, թե «անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են՝ մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար»։ Հարց է ծագում. իսկ ո՞ւր է այդ պատասխանատվությունը։ Ո՞ւր էր այդ պատասխանատվությունը նախքան այն պահն ու վիճակը, երբ ողբերգություն դեռ չէր կատարվել։ Արդյո՞ք «անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել» էին, ու ընդհանրապես ի՞նչ անհրաժեշտ միջոցներ էին ձեռնարկվել, որպեսզի մեր բանակը, այն էլ խաղաղ պայմաններում, նման ողբերգությունների վայր չդառնա։ Կատարված ողբերգությունները ոչ թե հուշում, այլ ուղղակի հրամայում են՝ բանակում օր առաջ անհրաժեշտ է արմատական վերափոխում, որի նպատակը պետք է լինի որակապես միանգամայն այլ՝ մարդկային ու միջանձնային հարաբերությունների միջավայր ապահովելը։ Եթե մեկը խախտում է արել, այո, պիտի տույժի ենթարկվի։ Ըստ կանոնադրության։ Բայց ոչ թե ծեծուջարդի կամ, առավել եւս, նվաստացման։ Նվաստացված մարդուց հայրենիքի ի՞նչ պաշտպան։ Այնինչ, նույնպես, ի դեպ, երիտասարդ սպաների մեջ կան այնպիսիք, որոնց կյանքի նպատակը կարծես դիմացինին ամեն կերպ վիրավորելը կամ նվաստացնելն է։ Իսկ դա ուղղակի հակացուցված է որեւէ բանակի, որը չափազանց կարեւոր ու լուրջ առաքելություն ունի ու նաեւ խնդիրներ»։

Ղարաբաղյան հարցի առնչությամբ «Ազգ» թերթի մեկնաբանը պատկերավորում է. - «Երբ մեծերի ներկայությամբ երկու երեխա կռվում են, մեծերը նախ թույլ են տալիս իրար հրմշտել, բայց երբ բանը հասնում է ծեծկռտուքին` իրարից բաժանում են: Հետաքրքրականը թերեւս հաջորդիվն է. ծեծ կերած երեխան սկսում է մեծերի թիկունքից սպառնալիքներ տեղալ, մինչդեռ հաղթողը արժանապատիվ կեցվածքով լռում է: Լռում է առժամանակ ու հետո պահից օգտվելով` հավելյալ մի քացիով սաստում է պարտվածին: Դրանից հետո միայն երկուսին մեծավարի հաշտեցնում են: Մանկական այս խաղ-կռիվը որոշ առումներով հիշեցնում է ադրբեջանական ոտնձգությունները շփման գոտում, հատկապես վերջին ժամանակներս, եւ գուցե արդեն եկել է «սաստող ոտնահարվածի» ժամանակը: Ի՜նչ արժեն ադրբեջանական սպառնալիքները հենց Ադրբեջանի ժողովրդի համար: Բռնապետական այդ երկրում արգելում են սեփական իշխանությունների անձեռնհասության մասին հրապարակավ արտահայտվել, եւ այն, ինչ մատուցում է ադրբեջանական մամուլը, ընդամենը պալատական մամլիչի տակից դուրս եկած քարոզչական պրոդուկտ է: Մինչդեռ Ադրբեջանում էլ երեւի կա գիտակից մի զանգված, որն ավելի պրագմատիկ վերաբերմունք ունի իրականության հանդեպ: Եվ դա առավելապես այն զանգվածն է, որն ուղղակի առնչություն է ունեցել անցյալ պատերազմին ու շոշափելիորեն զգացել ղարաբաղցու բազկի ուժը: Այդպիսիք հազիվ թե ցանկանում են նոր հարվածներ ընդունել սեփական մարմնին, քանզի եթե կրկին պատերազմ ծագի, հենց իրենք են լինելու դրա դառը պտուղները քաղողը»:

«Առավոտ»-ը գրում է. - «Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները, Հանրային խորհրդին ուղղված նամակում տեղեկացնելով, թե պատրաստվում են հոկտեմբերին կայանալիք խորհրդի նիստում նախագիծը ոչ Հայաստանի տարածքում իրագործելու հարցը բարձրացնել, նաեւ նշել էին. «Հանրային խորհրդի՝ որպես ժողովրդի կամքի արտահայտողի, միասնական կարծիքը մեզ թույլ կտա այս նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ հավասարակշռված որոշում կայացնել»։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Առավոտի» հարցին, թե ինչպես են արձագանքելու այս նամակին՝ պատասխանեց. «Կարծում եմ, որ մինչ նախագծի այդ նիստը մենք եզրակացություն կտանք։ Ապրիլին արդեն իսկ մեր ընդունած որոշման հիմքի վրա ես կարող եմ անձնական նամակ գրել՝ որպես ՀԽ նախագահ։ Իսկ եթե տարաձայնություններ լինեն, մենք Հանրային խորհրդում կհասցնենք մինչ այդ քննարկել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG