Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին հորդորում է չքննարկել ԼՂ հարցը


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ձոն Թաներին` հորդորելով զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկելուց:

«Դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ, որը նախատեսվում է պատրաստել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Անկեղծ ասած` զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության»,- մասնավորապես, գրել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Համոզմունք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները «բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն»` Աբրահամյանը հորդորում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին «զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»:

Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանը «Ազատություն» ռադիոկայանին այս զարգացումների վերաբերյալ փոխանցեց հետեւյալը. - «Այս տարվա մայիսի 28-ից հունիսի 1-ի Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը առանձին հանդիպում է ունենում Վեհաժողովի նախագահ Ջոն Թաների հետ եւ վերջինիս առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ պատրաստել հատուկ մի զեկույց եւ այն քննարկել այս նոյեմբերին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ժամանակ: Թաները տալիս է իր նախանական համաձայնությունը: Սակայն այդ մասին հայկական կողմը իմանում է մոտ մեկ ամիս անց` հունիսի վերջին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանից»:

Մկրտումյանի խոսքով, եթե գործընթացը շարունակվի, ապա Թաները պետք է նշանակի հարցի առնչությամբ զեկուցող, եւ եթե ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույցը պատրաստ լինի մինչեւ նոյեմբեր, այն կքննարկվի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում:

Օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց կապվել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի (ՀՀԿ) հետ:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հայաստանի իշխանությունները պարզապես նպատակ չեն դնում անհրաժեշտ աշխատանք տանել միջազգային կազմակերպություններում, այդ իսկ պատճառով ղարաբաղյան հարցը 2008 թվականին ոչ հայանպաստ դիրքերից քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, այս տարի Եվրախորհրդարանն ընդունեց հայտնի 2216 բանաձեւը, ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի նախաձեռնությամբ փորձ է արվում վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: Եվ հիմա էլ հարցը բարձրացվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում:

«Հետեւաբար պետք է ոչ թե թույլ տալ, որ պրոցեսը հասունանա, այլ պետք է շատ արագ տեսնել զարգացումների ուղղվածությունը եւ փորձել կանխել դրանք: Ցավոք, ոչինչ չարվեց: Մենք թույլ տվեցինք ամենատարբեր կառույցներում դիրքերի գրավում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ այսօր հարկադրված ենք պաշտպանվել», - ասաց Սաֆարյանը` շարունակելով. - «Հայաստանին բավականին դժվարին ժամանակահատված է սպասվում առաջիկայում, որովհետեւ բոլոր միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն սեփական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց միջոցով փորձելու են այս խնդիրները դարձնել այդ կառույցների քննարկման առարկա եւ կորզել ադրբեջանանպաստ, թուրքանպաստ որոշումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG