Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որի համաձայն Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով։

«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի կառավարությունը նախագահ Դմիտրի Մեդվեդեւին է ներկայացրել ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու առաջարկը։

Պայմանագրային փոփոխությունների նախագծում, մասնավորապես, տեղ է գտել հետեւյալ ձեւակերպումը. - «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը»։

Այդ նպատակին հասնելու համար, ըստ փաստաթղթի նախագծի, Ռուսաստանի Դաշնությունը պետք է Հայաստանին աջակցություն ցուցաբերի եւ ժամանակակից զինամթերք ու ռազմական տեխնիկա տրամադրի։

Ընդ որում, ըստ նախագծի, պայմանագիրը գործում է 49 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար երկարացվում է հաջորդող 5-ամյա ժամանակահատվածների համար, եթե կողմերից որեւէ մեկը ոչ պակաս, քան պայմանագրի հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին։

Հայաստան –Ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգը Գյումրիի ռուսական ռազմաբազայում, Գյումրի, արխիվ
Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին գործող պայմանագիրը ստորագրվել էր 1995 թվականին եւ ուժի մեջ մտել 97-ին՝ 25 տարի ժամկետով։

Հայաստանը, ըստ պայմանագրի, վարձավճար չի ստանում ռուսական 102-րդ ռազմաբազային տրամադրված տարածքի համար, որտեղ, պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ մինչեւ 100 հրասայլ, շուրջ 300 զրահամեքենա եւ ավելի քան 4000 զինվոր է տեղակայված։ Ավելին, 2005 թվականին ստորագրված փաստաթղթերով կողմերը հայտարարեցին Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը ընդլայնելու մասին։ Նույն փաստաթղթերով Հայաստանը մի շարք հողատարածքներ եւ անշարժ գույք տրամադրեց ռուսական ռազմաբազային։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG