Մատչելիության հղումներ

Ատոմ Էգոյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Թուրքիայում


Հայաստան – Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը (ձախից) եւ իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն «Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը, 11-ը հուլիսի, 2010թ.
Հայաստան – Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը (ձախից) եւ իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն «Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը, 11-ը հուլիսի, 2010թ.

Ճանաչված կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Թուրքիայում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, թուրքերին ու հայերին հրավիրելով երկխոսության, Էգոյանն ասել է. - «Մենք կարիք ունենք խոսելու 1915 թվականի իրադարձությունների մասին առանց միջնորդների։ Այդ երկխոսությունը տեղի չի ունեցել։ Արեւմուտքը առանց վարանելու շահագործել է մեր վերքերը՝ ելնելով քաղաքական շարժառիթներից»։

Էգոյանը Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի երկրպագուն է։ Ռեժիսորն ասել է, որ կուզենար Փամուկի «Ձյունը» նովելը սցենարի վերածել։

Թերթը գրում է, որ չնայած Էգոյանը աշխարհում ճանաչված է իր ինքնատիպ ֆիլմերով, Թուրքիայում նրան ավելի շատ գիտեն 2002 թվականին նկարահանած «Արարատ» ֆիլմով, որը 1915 թվականի իրադարձությունների մասին է ու առաջացրել էր թուրք ազգայնականների զայրույթը։

«Արարատը» միանշանակ չնդունվեց նաեւ սփյուռքի կողմից։ Սփյուռքը ցանկանում էր, որ «Արարատը» ավելի ցնցող ֆիլմ լիներ ցեղասպանության մասին։

«Ես նրանց չեմ մեղադրում, բայց մի բան նրանք մոռանում են՝ դա իմ ֆիլմն էր, ոչ թե նրանցը», - այս առթիվ Hurriyet-ին ասել է Էգոյանը՝ հավելելով. - «Ինձ ավելի շատ հուզում էր 1915 իրադարձությունների ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա»։

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այսօրվա իրավիճակին՝ Էգոյանն ասել է, թե հավատում է, որ երկու ժողովուրդների միջեւ երկաթե վարագույրը կբացվի, եթե անցյալի իրադարձությունները քննարկման առարկա դառնան։

«Սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, եւ միջավայր կապահովի երկխոսության համար», - ասել է Էգոյանը ։

Ատոմ Էգոյանը ասել է, թե հպարտ է, որ իր արմատները Արաբկիրից են՝ Անատոլիայի Մալաթիա շրջանից։ Թերթը գրում է, որ չնայած նա երկար ժամանակ ցանկություն ունի Թուրքիա այցելելու, բայց երբեք չի ընդունել Ստամբուլի միջազգային կինոփառատոնին մասնակցելու հրավերները։

«Փառատոնի կազմակերպիչները պայման էին դնում, որ եթե այցելեմ Թուրքիա, չպետք է օգտագործեմ ցեղասպանություն բառը։ Ինձ համար անհնարին էր ընդունել այդ պահանջը», - ասել է Էգոյանը։

Hurriyet-ի թղթակիցը Ատոմ Էգոյանի հետ զրուցել է Երեւանում, որտեղ ռեժիսորը նշել է իր 50-ամյակը։ Նա իր կնոջ՝ դերասանուհի Արմինե Խանջյանի հետ էր ժամանել Երեւան, ուր մասնակցեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG