Մատչելիության հղումներ

6 զինծառայող է զոհվել Ղարաբաղի Մարտունու շրջանում տեղի ունեցած միջադեպում


Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում հուլիսի 28-ին ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 1 լեյտենանտի ու 1 սերժանտի, Այնուհետեւ նա նույն զենքով սպանել է դեպքի վայրին մոտեցած եւս 3 զինծառայողների ու ինքնասպան եղել։

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկությունների համաձայն, Այվազյանը այս քայլին դիմել է, քանի որ սպանված սպաները իր ընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին՝ նշելով, որ համապատասխան ծառայություններին խստագույնս ցուցումներ են տրվել դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

Նախարարությունը հրապարակել է զոհվածների անունները. ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը (Երեւանից), ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը (Էջմիածնից), Անդրանիկ Սարգսյանը (Երեւանից), Ռոբերտ Հովհաննիսյանը (Վանաձորից), Արտյոմ Մանասյանը (Չարենցավանից) եւ Կարո Այվազյանը (Երեւանից):

Պաշտպանության նախարարությունից չեն հայտնում, թե որ զորամասում է տեղի ունեցել միջադեպը: Զոհվածներից Անդրանիկ Սարգսյանի հորեղբայրը` Խաչիկ Սարգսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր եղբորորդին ծառայում էր Մարտունու թիվ 2 զորամասում:

«Փամփուշտներով է սպանվել. երեք կրակոց: Բռնության ոչ մի հետք չի եղել», - հավելեց Խաչիկ Սարգսյանը:

«Ուղարկել ենք բանակ, որ գնա հայրենիքին ծառայի: Երեք ամսից պիտի հետ գար», - ասաց Անդրանիկի հայրը` Սարգիս Սարգսյանը` շարունակելով, թե պետք է անպայման բացահայտել իր որդու սպանության հանգամանքները եւ պատժել մեղավորներին, որպեսզի նման ողբերգություններն ապագայում չկրկնվեն:

Թեեւ ինքն անձամբ թերահավատ է. - «Ինձ հասկացրեցին, որ դա ակ շրջան է. վեց հոգի եղել են, վեցն էլ մահացել են: Ուրիշ մարդ չկա… Ես երեկ իրենց ասացի, որ չեմ էլ հավատում, որ այդ տղան է կրակել, որին ասում եք»:

Զոհվածներից 19-ամյա վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի հարազատները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, թե տղայի մարմնում 9 փամփուշտ է եղել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իր ունեցած տեղեկությունները: Ըստ այդմ` սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը:

«Լեյտենանտը եւ սերժանտը այցելել են այդ պոստը եւ տեսել են, որ զինվորներից մեկը պոստում քնած է: Արթնացրել են ու վիրավորել, նվաստացուցրել, եւ այլն, իսկ մյուս զինվորը, որը քնած չի եղել, վերցրել է ավտոմատը, ոնց որ ի պաշտպանություն իր զինակցի, կրակել է լեյտենանտի ու սերժանտի վրա: Կրակոցի վրա եւս երեք զինվորներ են մուտք գործել պոստը: Այդ երեք զինվորներին էլ է ինքը սպանել: Դրանից հետո ինքնասպանություն է գործել», - պատմեց Սաքունցը:

Դեպքի մանրամասները ճշտվում են, սակայն, Սաքունցի խոսքով, մի բան հաստատ է` զորամասերում «սպաների կողմից անմարդկային վերաբերմունքը համատարած բնույթ է կրում»:

Այս միջադեպից ընդամենը 1 օր առաջ՝ հուլիսի 27-ին, Հայաստանի Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանը։ Դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն «Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում»:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցում նշված է, որ 2009 թվականի առաջին 11 ամիսներին Հայաստանի զինված ուժերում մահվան 42 դեպք է արձանագրվել, որոնցից 11–ը ինքնասպանություն է եղել։ 7 մահվան դեպք տեղի է ունեցել բռնությունների հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG