Մատչելիության հղումներ

Մահացած սպայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին


30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանը:
30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանը:

Հայաստանի Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում հուլիսի 27-ի վաղ առավոտյան մահացած պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատները չեն հավատում նրա մահվան պաշտոնական վարկածին:

Արտակ Նազարյանի մահվան դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարությունը երեկ տարածել է հաղորդագրության, ըստ որի`«հուլիսի 27-ին` ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում»:

Զինծառայողի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի հավատում, որ իր որդին ինքնասպան է եղել:

«Ոչ: Իմ տղան Աստծուն հավատում էր: Ինքը գիտեր, որ ինքնասպանությունը մեծագույն մեղք է: Ինքը ինքնասպան չէր կարող լիներ», - ասաց նա:

Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:
Ինքնասպանության պաշտոնական վարկածի արագ առաջ քաշելը Արտակի ավագ քրոջ` Սոնա Նազարյանի որակմամբ, կոծկման փորձ է. - «Դեռ փորձաքննություն չի անցել, դեռ ոչինչ ճշտված չէ` իրենք ասում են ինքնասպանություն է»:

Զինծառայողի հարազատները պնդում են, որ Արտակ Նազարյանին կա'մ դրդել են ինքնասպանություն գործել, կա'մ սպանել են:

«Ինքն իրեն մինչեւ սպանելը տանջել է, հա՞. Թեւերը կապտացրել է, դեմքի վրա կիսալուսնաձեւ հետքեր կան, որոնք կոշիկի կրունկի տեղ են երեւի, ուսերը կապտուկների մեջ: Լավ ծեծված է ու բերանի մեջ խփված», - ասաց Սոնա Նազարյանը` շարունակելով. - «Երկու տարբերակն էլ հնարավոր է`ե'ւ ինքնասպանություն, ե'ւ սպանություն: Եթե ինքնասպանություն է, ուրեմն այդ մարդը ինչքան հոգեպես տանջվել է, ինչպիսի վիրավորանք ու նվաստացում է զգացել, որ այդ քայլին դիմել է: Իսկ եթե սպանություն է, ուրեմն ինչ գիշատիչներ են ապրում մեր կողքին»:

Երեկ կատարված դիահերձմանը ներկա գտնված Արտակի մորաքրոջորդին` Նարեկ Ղարիբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, թե արտաքին զննությամբ Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում` դեմքին` այտի շրջանում կիսալուսնաձեւ վնասվածքներ, թևերին` կապտուկներ: Դատաբժշկի եզրակացմամբ`բոլոր վնասվածքները ստացվել են կենդանության օրոք, մինչեւ մահը 6 ժամվա ընթացքում:

Դատաբժշկական վերջնական եզրակացությունը հայտնի կդառնա մեկ ամիս անց: Մինչդեռ, այսօր ստացված մահվան վկայականում, հարազատների փոխանցմամբ դատաբժիշկն արձանագրել է «գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում` գլխուղեղի վնասումով», ինչպես նաեւ «գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարում» ախտորոշումը: Իսկ որպես մահվան ելք դատաբժիշկ Ադամյանը, արձանագրել է. «մահվան բնույթն անորոշ է» ձեւակերպումը:

Բարձրագույն կրթությամբ, մասնագիտությամբ արեւելագետ Արտակ Նազարյանը 2000-2001 թվականներին Թեհրանում որպես պարսկերեն լեզվի մասնագետ դեսպանի կցորդ - թարգմանիչ է աշխատել: Տավուշի մարզում պայմանագրային զինվորական ծառայության է անցել նախորդ տարվա նոյեմբերից: Սոցիալական անապահով պայմաններում ապրող երիտասարդը պայմանագրային 5 տարվա զինծառայության է անցել ստիպված, մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով:

Զորամասի ղեկավարության հետ Արտակը խնդիրներ է ունեցել, նրան, հարազատների խոսքով, համարել են թույլ հրամանատար, ով զինվորներին չի ծեծել, այլ փորձել է կրթել հայրենասիրական ու պատմական գրքերով:

Հարազատները ցավում են, որ հրամանատարը զոհվել է խաղաղ պայմաններում եւ ոչ թե հանուն հայրենիքի: Նրանք արդարադատություն են պահանջում եւ պնդում են, թե մինչեւ վերջ պայքարելու են գործը բացահայտելու եւ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Գործի քննությամբ զբաղվում է Տավուշի մարզի կայազորի դատախազությունը: Գործը նախաքննության փուլում է, մեր տեղեկություններով կան զորամասի հրամանատարական կազմից բերման ենթարկվածներ:

Պաշտպանության նախարարությունն ու հրամանատարական կազմը դեռեւս ցավակցություն չեն հայտնել Արտակ Նազարյանի հարազատներին:

Զինծառայողը մահացել է դիրքերում
please wait

No media source currently available

0:00 0:01:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG