Մատչելիության հղումներ

«Իշխանությունը չի օգտագործում Եվրախորհրդի կողմից տրված դադարը»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում [ԵԽԽՎ] Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում ԵԽԽՎ-ի թիվ 1677 բանաձեւից հետո իրենց տրված ժամանակը:

«Անցած տարվա հունիսին, երբ ընդունվեց 1677 բանաձեւը, եւ քաղբանտարկյաների մի մասին ազատ արձակեցին Հայաստանի իշխանությունները, կար եթե ոչ ուղղակի, գոնե ինչ-որ լուռ կամ անուղղակի գործարք, որ այդ քաղբանտարկյալների մի մասին ազատ արձակելը նշանակում էր` մի որոշ ժամանակ Հայաստանի իշխանություններին չանհանգստացնել», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե ինչու տեւական ժամանակ Երեւան չեն ժամանում Հայաստանի հարցով համազեկուցողները, իսկ Վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում անընդհատ հետաձգվում է Հայաստանի հարցի քննարկումը:

«Եվրոպայի խորհուրդը միշտ այդ միտումը ունի` նման պայմանավորվածություններից հետո իշխանություններին ժամանակ տալու` քաղաքական կամք դրսեւորել, ինքնուրույն քայլեր անել եւ այլն: Ցավոք սրտի, մեր իշխանությունները այդ ժամանակը չեն օգտագործել եւ նրանք Եվրոպայի խորհրդի կողմից նրանց տրված այդ ընդմիջումը դիտարկել են որպես հնարավորություն շարունակելու իրենց արդեն ավանդական վարքագիծը», - շարունակեց Արման Գրիգորյանը:

Նրա խոսքով, այդ դադարը ավարտվում է գալիք աշնանը, երբ ակնկալվում է, որ Հայաստանի հարցը կքննարկվի Մոնիթորինգի հանձնաժողովում եւ Հայաստան կայցելեն ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Գորան Լինդբլանդը:

«Ես նման տպավորություն ունեմ իրականում: Հենց նույն Լինդբլադի նշանակումը եւ Նիկոյանի զեկույցից հետո համազեկուցողների հակազդեցությունը: Նրանք, ինչպես հիշում եք, պատասխան զեկույցով հանդես եկան, որտեղ փաստորեն չընդունեցին մեր պառլամենտական հանձնաժողովի եզրակացությունները եւ պնդեցին նորից, որ Մարտի 1-ի հարցը փակված համարել չի կարելի, եւ այդ հետաքննությունը դեռ առջեւում է: Այսինքն` անաչառ, օբյեկտիվ հետաքննություն մարտի 1-ի իրադարձությունների դեռ տեղի պետք է ունենա», - նշեց Արման Գրիգորյանը:

Անցած ամիս ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նորանշանակ համազեկուցող Գորան Լինդբլադի հայտարարությունը Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարուցել էր Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի մտահոգությունը: «Այդպիսի պահվածքը սպառնում է ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցության լուրջ ճգնաժամով», - ասել էր Հարությունյանը:

«Հայաստանի իշխանությունների կողմից Լինդբլադին կամ հետեւաբար Եվրոպայի խորհրդին բոյկոտելու սպառնալիքը ես լուրջ չեմ համարում. ի՞նչ պետք է անեն, որ բոյկոտեն», - այս կապակցությամբ ասաց Գրիգորյանը` այդուհանդերձ, ավելացնելով. - «Լինդբլադի նկատմամբ անհանգստությունը, մտահոգությունը կամ մեղադրանքները իսկապես կան:Ես նույնպես մի փոքր մտահոգ եմ այն պատճառով, որ Լինդբլադի ստորագրությունը կա այդ հայտնի փաստաթղթի տակ, որտեղ Հայաստանի նկատմամբ մեղադրանք կա, որ Հայաստանը ձգտում է մոնոէթնիկ պետություն դառնալ»:

Հարցին, թե արդյոք Երեւանի նկատմամբ իր քաղաքականությունում Եվրոպայի խորհուրդը առաջնորդվում է աշխարհաքաղաքական ինչ-ինչ շահերով, այլ ոչ թե, օրինակ, ժողովրդավարական արժեքներով, ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը պատասխանեց. - «Մեր ժողովրդական շարժման նկատմամբ դեմոկրատական արեւմուտքի վերաբերմունքը չի կարելի համարել նույնը, ինչ որ այդ վերաբերմունքն էր, ասենք լեհական «Սոլիդարնոստ»-ի նկատմամբ: Դա իսկապես պայմանավորված է որոշ գեոպոլիտիկ իրողություններով եւ որոշ մասնավոր քաղաքական խնդիրներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG