Մատչելիության հղումներ

Ազդեցիկ կոնգրեսականը Թուրքիային կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը


Հուլիսի 28-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են անցկացվել, որոնց թեման էր Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը ու դրա նշանակությունը ամերիկա-թուրքական հարաբերությունների համար։

Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը իր ելույթում նշել է, թե խիստ կարեւոր է, որ Թուրքիան ընդունի Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Նա նշել է, որ Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պարբերաբար միջոցներ է ձեռնարկել հայերի ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ ու նույն կոչով դիմել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։

«Ես կարծում եմ, մի օր Թուրքիան կընդունի իր անցյալը, եւ կտեսնեն, որ իրենց ու իրենց երեխաների ուսերից չափազանց ծանր բարոյական բեռ են թոթափել», - ասել է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական, Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը։

Ընդհանուր առմամբ, այս լսումների նպատակն էր քննարկել ԱՄՆ-ի երկարատեւ դաշնակից Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունները։

Իր բացման խոսքում Բերմանը նշել է, որ Թուրքիան տնտեսական մակարդակով աշխարհի 16-րդ երկիրն է համարվում, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցն է հատկապես Աֆղանստանում, որտեղ 1700 զինծառայող ունի եւ գլխավորում է Քաբուլի շրջանի հրամանատարությունը։ Թուրքիան նաեւ շատ մեծ նշանակություն ունեի որպես տարանցիկ երկիր՝ Իրաքում ԱՄՆ-ի զորախմբերի մատակարարումների համար։

Այս դրական կետերը ներկայացնելուց հետո Բերմանը նշել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը որոշակի մտահոգություններ է հարուցել ԱՄՆ-ում։ Նա մտահոգիչ է համարել Իրանի, Իսրայելի ու պաղեստինցիների նկատմամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերջին դրսեւորումները, որոնք, ըստ Բերմանի, խարխլում են Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացը։ Կոնգրեսականը անդրադարձել է նաեւ Կիպրոսի խնդրին՝ նշելով, թե ժամանակն է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը Կիպրոսի հյուսիսից։

«Պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկը վերջերս ասել էր, թե բազմաթիվ հարցեր են առաջացել Թուրքիայի կողմնորոշումների ու Միացյալ Նահանգների հետ շարունակվող ռազմավարական համագործակցության կապակցությամբ», - ասել է Հովարդ Բերմանը՝ ավելացնելով, թե ինքն այն մարդկանց թվում է, ովքեր ունեն նույն այդ մտահոգությունները։

Իր խոսքի ավարտին Բերմանը նշել է, որ ցանկանում է իրական ազատ խոսք տեսնել թուրքական մամուլում եւ ամբողջական ազատություններ՝ կրոնական փոքրամասնությունների համար։

Լսումներում Կալիֆորնիայից Հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի ու Հունաստանի հետ բնորոշել է «շատ հնամաշ»։

«Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը եւ մինչեւ հիմա Կիպրոսում 40 հազար զինվոր է պահում», - փաստել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG