Մատչելիության հղումներ

Միջնորդները քննադատում են ղարաբաղյան հակամարտության կողմերին


Ավստրիա -- ԵԱՀԿ-ի դրոշները կազմակերպության Վիեննայի կենտրոնակայանի առջեւ

Ավստրիա -- ԵԱՀԿ-ի դրոշները կազմակերպության Վիեննայի կենտրոնակայանի առջեւ

«Հակամարտության կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար», - Վիեննայում հանդիպելով Մինսկի խմբի անդամներին՝ հայտարարել են ղարաբաղյան հակամարտության լուծման գործում միջնորդական առաքելություն ստանձնած Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն:

«Անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ գործողություններ` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ փոխզիջումների գնալու պատրաստակամություն ցուցադրելու համար», - ասված է չորեքշաբթի օրը ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված միջնորդների հայտարարության մեջ։

Մինսկի խմբի համանախագահները նաեւ տեղեկացրել են, որ հակամարտող կողմերի ջանքերին աջակցելու նպատակով սեպտեմբերի սկզբին ծրագրում են այցելել տարածաշրջան:

Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Մինսկի խմբի միջնորդները իրենց գործընկերներին իրազեկել են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին մի քանի զարգացումների մասին։ Նրանք, մասնավորապես, մանրամասներ են ներկայացրել այս տարվա հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կայացած հանդիպման, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման, ինչպես նաեւ Մուսկոկայում ու Ալմաթիում ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին:

Կանադայում Մեծ ութնյակի երկրների ղեկավարների հավաքի ավարտին նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլա Սարկոզին կոչ էին արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կատարել հաջորդ քայլը, ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա եւ անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ձեւավորվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու նպատակով: Մինսկի խմբում համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Խմբում ընդգրկված են նաեւ Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Հոլանդիան, Շվեդյան, Ֆինլանդիան, Բելառուսն ու Թուրքիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG