Մատչելիության հղումներ

Հուլիսի 29-ի մամուլ


Դերասան Աշոտ Ադամյանը «Հրապարակ»-ում գրում է. - «Եթե մենք այսօր ունենք մեր պետականության նման խարխլված վիճակում գտնվող պետություն, որը նորմալ հեռանկարներ չունի, ժողովուրդը չի կարողանում գուշակել անգամ, թե ինքը ինչ կարգի պետություն է կառուցել կամ կառուցում, որն է իր հեռանկարը: Իսկ սա կնշանակի, որ ժողովուրդը ապագա չունի, առանց հեռանկարի ժողովուրդը որ ոքի պետք չէ, հավատացեք: Եթե մեր հասարակությունը այս ամենը չի գիտակցում, ուրեմն ինքը հասարակություն չէ: Ամբոխը, մարդկանց հոծ բազմությունը ձեռք է բերում հասարակություն կոչումը այն ժամանակ, երբ իսկապես իր առջեւ հասարակական խնդիրներ է դնում եւ այդ խնդիրների լուծման ճանապարհները ուղենշում է ու զբաղվում է դրանց լուծումով: Եթե չի անում այդ բանը, ինքը ընդամենը բազմություն է, ամբոխ: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը այսօր կայացած հասարակություն չէ, քանի որ երկար տարիներ գտնվում է այս երկփեղկված վիճակում: Այսինքն, փողն առանձին, միտքն առանձին, հասարակություն կառուցող ինստիտուցիոնալ կառույցներն առանձին, եւ ամեն մեկն ինչ ուզում անում է: Այսպես պետություն չի կայանում»:

լragir.am-ի մեկնաբանը գրում է. - « Հայաստանում արդեն վաղուց ի վեր եթե կուսակցություն ստեղծվում է, ապա իշխանական նախաձեռնությամբ կամ հավանությամբ: Իսկ իշխանության ինչի՞ն է պետք նոր կուսակցությունը, եթե այդքանն ունի: Երեւի թե իշխանությունը կարծում է, որ ունեցածը իրենը չէ: Դե ով լիներ իշխանության փոխարեն, ասենք, Սերժ Սարգսյանի փոխարեն, ու այդպես չմտածեր: Չէ՞ որ ով ով, բայց Սերժ Սարգսյանն ինքն ամենից լավ գիտե, թե ինչպես անհրաժեշտ պահին թանկ կամ էժան, բայց քաղաքական տոնավաճառից ձեռք բերեց այդ կուսակցություններին: Ով ով, բայց նա երեւի թե ամենից լավ գիտե, որ դրանց «լիկվիդայնությունը» բավական բարձր է, ու մեկ էլ տեսար մեկ ուրիշը տարավ իր քթի տակից: Իսկ նրանք «նաղդ գնացող» են: Ուրեմն պետք է մտածել սեփական կուսակցություններ ստեղծելու մասին, որոնք չեն վաճառվի, այլ կլինեն իրենը: Համ էլ «ձեռքբերովի» կուսակցությունները զգաստ կլինեն, կհասկանան, որ Սերժ Սարգսյանը միայն իրենց հույսին չէ»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իր երեկվա ասուլիսում Գալուստ Սահակյանը հետեւյալ գնահատականն է տվել ՀՀ երկրորդ նախագահին. «Ռոբերտ Քոչարյանը արարող նախագահ է եղել եւ չի հրաժարվել իր պոստից: Նա միշտ կարողացել է իր պոստում մնալ, եւ այն խնդիրները, որոնք իր առջեւ դրել է, կարծում եմ, լուծել է»: Այսպիսով, «արարող» ղեկավարի երկու գլխավոր հատկանիշներն են` իր պոստից չհարաժարվելը եւ իր առաջ դրված խնդիրներն իրականացնելը: Պատմության մեջ կան բազմաթիվ այլ ղեկավարներ, որոնք իրենց պոստից չեն հրաժարվել եւ իրենց նպատակներին հասել են` Հիտլերը, Մաոն, Ֆրանկոն, Թուրքմենբաշին, Հեյդար Ալիեւը: Հավանաբար, ցմահ են պաշտոնավարելու նաեւ Նազարբաեւը, Քարիմովը, Լուկաշենկոն, Իլհամ Ալիեւը: Նրանց ֆոնի վրա անկախ Հայաստանի երկրորդ նախագահը այնքան էլ «արարող» չէ. նա, ի պատիվ իրեն, ինքնակամ հրաժարվեց ցմահ ղեկավարելուց` ճիշտ է, պետության վզին դնելով հավելյալ մի քար` «մարտի 1»-ի տեսքով»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Չունենալով Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման որեւէ ցանկություն, Թուրքիան միաժամանակ սուր կերպով զգում է բարելավման հերթական պատրանք ստեղծելու կարիքը, առաջադրանք, որը, ինչպես երեւում է, պատրաստվում ենք բավարարել ազգովին՝ կազմակերպելով բազմամարդ ուխտագնացություն դեպի Աղթամար կղզի։ Աղթամարի Սուրբ Խաչը գերության մեջ պահվող տաճար է՝ մի յուրահատուկ պատանդ, որի միջոցով հանցագործություն կատարած Թուրքիան շեղում է միջազգային կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից, իսկ մենք էլ մեր կուրությամբ նպաստում ենք դրան։ Ուրեմն ինչ՝ գնում ենք շնորհակալությո՞ւն հայտնենք հանցագործին, որ յուրաքանչյուր 1000 տաճարից մեկը խնայել է՝ հետագայում օգտագործելու որպես պատանդ։ Թե՞ գնում ենք աղոթելու այդպես էլ անթաղ մնացած Մեծ եղեռնի նահատակների հոգիների համար։ Բայց մի՞թե նրանք դա են սպասում մեզանից... Կարծում ենք, ճիշտ կլինի չընդունել սեպտեմբերի 19-ին բեմականացվելիք ֆարսը եւ բոյկոտել Աղթամարում նախատեսվող արարողությունը»:

«Ազգ»-ի թղթակիցը զրուցել է Աջարիայի կառավարության ղեկավար ԼեւանՎարշալոմիձեյի հետ: Նա, ըստ էության, Աջարիայում հանսգտանալու ուղեգրերը «թանկացնելու» մեջ մեղադրեց ոչ միայն որոշ հայաստանյան գործակալությունների, այլեւ բաժին հանեց «Արմավիային», որի իրականացրած «Երեւան-Բաթում» չվերթերի տոմսերը շատ թանկ են. - «Ուստի, ըստ Վարշալոմիձեի, վրացական կողմը մտածում է առավել էժան տարբերակների մասին, ինչպիսին, Աջարիայի կառավարության ղեկավարի վստահեցմամբ, պատրաստվում է իրականացնել Air Batumi ընկերությունը: Զուտ ընդգծելու համար նշենք, որ այս ավիաընկերությունը Բաթում-Թբիլիսի չվերթի տոմսերը վաճառում է սկսած 10 ԱՄՆ դոլարից: Եվ, ինչպես պարզվեց, շուտով թռիչքներ կիրականացնի նաեւ Երեւան»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG