Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը Բրայզայի թեկնածության դեմ նոր փաստարկներ է ներկայացնում


Մեթյու Բրայզա
Մեթյու Բրայզա

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ամերիկահայերին կոչ է անում հորդորել իրենց սենատորներին՝ դեմ քվեարկել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակմանը:

Հանձնախումբը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահը չի կարող Ադրբեջանում անաչառորեն իրականացնել ամերիկյան քաղաքականությունը եւ նրա նշանակումը կնվազեցնի Ադրբեջանում ԱՄՆ-ի ազդեցությունը, ուստի ամերիկահայերը պետք է իրենց մտահոգությունները փոխանցեն սենատորներին:

Այդ մտահոգությունները վերաբերում են Ադրբեջանի իշխանությունների հետ Մեթյու Բրայզայի կապերին, Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նրա գործունեությունը եւ նրա կնոջ` ազգությամբ թուրք Զեյնո Բարանի մասնագիտական գործունեությանը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Բրայզայի մտերմությունը փաստող նոր տեղեկություններ են ի հայտ եկել։

«Իր ամուսնության վկաներից մեկը եղել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը», - նշեց Չուլջյանը՝ ընդգծելով. - «Այստեղ հստակ տեսնում ենք շահերի խաչաձեւում»։

Հայ Դատի հանձնախումբը բավարարված չէ անցած հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայամետ սենատորների հարցերին Մեթյու Բրայզայի պատասխաններից։

«Մենք կարծում ենք, որ իր թեկնածությունը սխալ է, եւ պիտի աշխատենք, որ սենատորները դեմ քվեարկեն եւ պարոն Բրայզան չուղարկվի Ադրբեջան», - հայտարարեց Չուլջյանը։

Սենատում Բրայզայի թեկնածության վերաբերյալ քվեարկության ժամկետները դեռեւս հստակ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG