Մատչելիության հղումներ

«Ընդարձակ, աղքատ ու անկանխատեսելի». արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, այս երեք բառերն են բնորոշում եվրոպացիների կարծիքը Թուրքիայի վերաբերյալ։

«Ֆրանսիայից տարածքով ավելի մեծ, բնակչության թվաքանակով Գերմանիային չզիջող, Ռումինիայի նման աղքատ». գերմանական Deutsche Welle-ի հաղորդմամբ, այսպես են եվրոպացիները պատկերացնում ժամանակակից Թուրքիան, որն արդեն շուրջ վեց տարի փորձում է եվրոպական ընտանիքի անդամ դառնալ։

Չնայած շարունակական բանակցություններին, Գերմանիան եւ Ֆրանսիան պնդում են, որ Թուրքիայի դեպքում առավել նպատակահարմար է արտոնյալ գործընկերություն առաջարկել՝ լիիրավ անդամակցության փոխարեն։ Մինչդեռ Շվեդիան, Իսպանիան, Իտալիան ու Մեծ Բրիտանիան խոստանում են ջանք չխնայել՝ Անկարայի անդամակցությանը նպաստելու համար։

Այս առումով բավական տպավորիչ էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի վերջին ելույթը Անկարա կատարած այցի ժամանակ. Թուրքիայի անդամակցության գործընթացին իր վճռական աջակցությունը հայտնելուց բացի, բրիտանական կառավարության ղեկավարը նաեւ բացահայտ քննադատեց պաշտոնական Բեռլինի եւ Փարիզի դիրքորոշումը այս հարցում՝ պնդելով, թե նրանք երկակի չափորոշիչներ են կիրառում:

«Ես զայրանում եմ, երբ հիշում եմ Թուրքիայի ունեցած դերակատարությունը ՆԱՏՕ-ում եւ անդամակցության շուրջ ձգձգվող բանակցությունները», - հայտարարել է Քեմերոնը եւ ընդգծել. - «Կարծում եմ, անարդար է ասել, որ Թուրքիան կարող է պահպանել այս ընտանիքը, սակայն չի կարող դրա ներսում ապրել»։

«Եվրոպական ո՞ր երկիրն է հաջողել 11 տոկոսի աճ արձանագրել այս տարվա ընթացքում, ո՞ր երկիրն է, որ ավելի շատ երիտասարդներ ունի, քան Եվրամիության 27 անդամ երկրները, եւ խոստանում է մինչեւ 2017 թվականը երկրորդը լինել աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում», - հայտարարել էր Քեմերոնը եւ թուրքերեն պատասխանել. - «Իհարկե՝ Թուրքիան: Եվ այդ երկրի տեղը Եվրամիության կազմում է»։

Ավելի վաղ Թուրքիայի անդամակցությանը աջակցող հայտարարություններով էին հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ու պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը՝ պնդելով, որ եվրոպական որոշ երկրների անբարյացակամությունը կարող է ստիպել Անկարային շրջվել դեպի արեւելք։ Չնայած այդ հորդորներին՝ Ֆրանսիան ու Գերմանիան շարունակում են անդրդվելի մնալ։

«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Թուրքիայի եւ Եվրոպայի կապերը ամրապնդելու գործընթացին, սակայն լիարժեք անդամակցությունը չենք երաշխավորում», - չորեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվիլը, ով Թուրքիա է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետի այցից անմիջապես հետո։

Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ Անկարա կժամանի նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները: Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ չնայած Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի ջանքերին՝ Փարիզը եւս կպնդի իր դիրքորոշումը՝ Թուրքիային ընդամենը արտոնյալ գործընկերություն առաջարկելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG