Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի սեպտեմբերի 17-ին


Ընդդիմության հանրհահավաքը Երեւանում: 2-ը հուլիսի, 2009թ.

Ընդդիմության հանրհահավաքը Երեւանում: 2-ը հուլիսի, 2009թ.

Չորեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստում որոշվել է սեպտեմբերի 17-ին անցկացնել համապետական հանրահավաք:

«Այսօր տեղի է ունեցել Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Որոշվել է հաջորդ համապետական հանրահավաքն անցկացնել 2010 թվականի սեպտեմբերի 17-ին: Նաեւ հանձնարարվել է Կոնգրեսի համապատասխան կառույցներին ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման հարցերով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը` շարունակելով. - «Այս պահին որոշված է հանրահավաքի օրը: Առաջիկայում որոշում կընդունվի նաեւ հանրահավաքի անցկացման տեղի վերաբերյալ»:

ՀԱԿ-ը, ըստ Մուսինյանի, շարունակում է ստվերային կառավարության գործունեությունը. «100 քայլ»-ից եւ Առողջապահության համակարգի բարեփոխումների ծրագրից հետո այսօրվա նիստում հավանության է արժանացել Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը:

«Առաջիկա օրերին նախագիծը կներկայացվի հանրային քննարկման», - հավելեց ՀԱԿ-ի խոսնակը:

Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կառավարության կենսաթոշակային բարեփոխումների նախագծի այլընտրանք համարվող ընդդիմության տարբերակում առաջարկվում են կենսաթոշակային կուտակային համակարգին առնչվող խնդրահարույց հարցերի լուծումներ:

Նրա խոսքով, առաջին հերթին անհանգստացնող է կառավարության նախագծում նշված կուտակային հիմնադրամներում հավաքվող գումարների օգտագործման սահմանումը:

«Դրանք որտեղ պետք է տեղադրված լինեն` Հայաստանում կամ մեկ այլ երկրում, եւ ինչ ձեւով պետք է օգտագործվեն: Մենք գտնում ենք, որ հնարավորություն պետք է տալ հիմնականում այդ գումարները օգտագործել Հայաստանի Հանրապետությունում` ներգրավելով այդ ծրագրերում, որտեղ խոշոր կապիտալ ներդրումների կարիք կա», - մանրամասնեց Խաչատրյանը:

Կառավարության նախագծով աշխատողը կուտակային հիմնադրամներում ներդրած գումարները կարող է օգտագործել կենսաթոշակային տարիքում` սկսած 63 տարեկանից: ՀԱԿ-ն առաջարկում է կրճատել կառավարության նախագծում նշված ժամանակահատվածը:

«Մենք գտնում ենք, որ դա պետք է լինի 10, մաքսիմում 15 տարի: Դրանից ավելի իր ապագան մարդը ոնց որ թե չի տեսնում», - փաստարկեց Խաչատրյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Կոնգրեսի նախորդ առաջարկների կապակցությամբ կառավարության արձագանքը, Խաչատրյանը պատասխանեց. - «Կառավարություն ե՞րբ է արձագանքել որ: Կառավարությունը խուսափում է ընդհանրապես օբյեկտիվորեն մեր ներկայացուցիչների հետ քննարկումներին մասնակցել եւ որեւէ կարծիք հայտնել»:
XS
SM
MD
LG