Մատչելիության հղումներ

Երիտասարդական կուսակցությունը «ստրատեգիա» է մշակում հայ երիտասարդների ապագայի համար


Հայաստանի երիտասարդական կուսակցությունը խոստանում է այսուհետ օգնել բանիմաց երիտասարդներին համապատասխան աշխատանք գտնելու հարցում: Հուլիսի 28-ին մեկնարկած «Ստրատեգիա 2020» երիտասարդական համաժողովի շրջանակներում տրվեց նաեւ «Հայաստանի երիտասարդական կառավարություն» և «Հայաստանի երիտասարդական կադրային ռեզերվ» ծրագրերի մեկնարկը:

Համաժողովի կազմակերպիչների խոսքով` այս ծրագրերի շնորհիվ իրենք կփորձեն մեղմել երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցերը:

«Հայաստանում կա երիտասարդ լավ մասնագետների մեծ զանգված, որոնց տվյալները հաճախ չեն հասնում գործատուներին քավոր-սանիկ-բարեկամ կապերի միջոցով աշխատանքի տեղավորվելու պատճառով» – նշեց Հայաստանի Երիտասարդական կուսակցութան վարչության անդամ Արտակ Խաչատրյանը, ով, սակայն, չմանրամասնեց, թե հատկապես ինչ մեխանիզմներով են գտնելու գործատուների ուշադրությունից դուրս հայտնված բանիմաց եւ գրագետ երիտասարդներին:

Միջոցառմանը ներկա էին հիմնականում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող երիտասարդներ եւ տարբեր բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչներ: «Մաքսլիբերթի»-ի հարցին, թե ինչու միջոցառմանը հրավիրված չեն ընդդիմադիր երիտասարդներ, Խաչատրյանը պատասխանեց. – «Այսօր մեր առջև դրված է Հայաստանի ընդհանուր երիտասարդների ապագայի, ճակատագրի հարցը` ընդդիմադիր թե իշխանամետ, և պետք չէ քաղաքականացնել հարցը, մենք ոչ ոքի չենք արգելել, ուղղակի երևի չեն եկել»:

Այդուհանդերձ, միջոցառման կեսից դահլիճը լքող երիտասարդներից շատերը նշեցին, որ իրենց համար նոր հարցեր չհնչեցին, եւ որ ներկայացված խնդիրների լուծման տարբերակներն իրենց չբավարարեցին:

XS
SM
MD
LG