Մատչելիության հղումներ

Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ բողոքն ավարտվեց քաշքշուկով


Բնապահպանների բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց

Բնապահպանների բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց

«Ամոթ ՎՏԲ», «Բոյկոտ ՎՏԲ», «Մտածենք առողջ ապագայի մասին», «Թեղուտի անտառների սպանդի գլխավոր հովանավորը ՎՏԲ բանկն է» պաստառներով եւ Թեղուտում կատարված ծառահատումների լուսանկարներով այսօր ՎՏԲ բանկի դիմաց ակցիա էին կազմակերպել Թեղուտի պաշտպանության խմբի անդամ երիտասարդներն ու բնապահպանները:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ֆինանսավորումը ստանձնած բանկի մուտքի առջեւ մեկնարկած բողոքի ակցիան շարունակվեց բանկի շենքի ներսում: Բանկի ղեկավարության կամ որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում պահանջող բնապահպան ակտիվիստները պաստառներով մտան բանկի նախասրահ, սակայն որեւէ ներկայացուցչի կողմից ընդունելության չարժանանալով, դուրս եկան, նստեցին բանկի մուտքի դիմացի աստիճաններին` խափանելով բանկի հաճախորդների եւ աշխատակիցների ելումուտը:

Ակցիայի սկզբում տարածքում գտնվող ոստիկանների թիվը որոշ ժամանակ անց հասավ մի քանի տասնյակի եւ նրանք, համապատասխան հրահանգ ստանալով, ուժ կիրառեցին եւ քաշքշելով աստիճաններից հեռացրեցին ակցիայի մասնակիցներին, այդ թվում` կանանց եւ աղջիկներին:

Ակցիայի մասնակից, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը քաշքշուկի ընթացքում ոտքի վնասվածք ստացավ:

Ավելի ուշ դեպքի վայր ժամանեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, ով զրուցելով մասնակցիների եւ ոստիկաններ հետ, ասաց, թե կզեկուցի Օմբուդսմենին:

Թեղուտի պաշտպանության խմբի անդամները ցրվեցին` հայտարարելով, թե կշարունակեն ՎՏԲ բանկի դեմ ուղղված ակցիաները, քանի դեռ բանկի ներկայացուցիչները չեն հանդիպել իրենց հետ:

Թեղուտի պաշտպանության խումբը ահազանգում է, որ ռուսական ՎՏԲ բանկը Аrmenian Cooper Program` ACP ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն, պատրաստվում է այս տարի տրամադրել շուրջ 300 միլիոն դոլար վարկ Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:

Ծրագրով նախատեսվում է հատել 357 հեկտար անտառ, ինչը, բազմաթիվ բնապահպանների գնահատականով, խիստ վտանգավոր բնապահպանական հետեւանքներ կունենա:

Այսօր իրականացված ակցիայով Թեղուտի պաշտպանության խումբը ՎՏԲ բանկից պահանջում է «կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական եւ անօրինական ծրագրի ֆինանսավորումը, հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG